
ChatGPT-ին թույլ է տրվել ամփոփել Business Insider և Politico թերթերի հոդվածները

Business Insider և Politico պարբերականների հրատարակիչ Axel Springer-ը հայտարարել է, որ համագործակցում է OpenAI ընկերության հետ, որի արդյունքում ChatGPT չաթբոտին կթույլատրվի ամփոփել այդ պարբերականների հոդվածները, այս մասին գրում է theguardian.com-ը:
Ըստ հաղորդագրության՝ ChatGPT-ի օգտատերերն ամբողջ աշխարհում կստանան Axel Springer-ի մեդիա կորպորացիայի ընտրված միջազգային նորությունների բովանդակության ամփոփումներ։
Ի դեպ, Axel Springer-ը գումար կստանա իր բովանդակությունն ամերիկյան արհեստական բանականության ընկերությանը հասանելի դարձնելու համար, AFP-ին հայտնել է մեդիա խմբի ներկայացուցիչը: Գործարքը վավեր կլինի մի քանի տարի:
Մյուս մեդիա ընկերությունները հակառակ դիրքորոշում ունեն՝ թույլ չտալով իրենց բովանդակության հասանելիություն արհեստական բանականությանը: Խոսքը CNN-ի, New York Times-ի, Bloomberg-ի և Guardian-ի մասին է, որոնք արգելափակել են ChatGPT-ի համար հասանելությունն իրենց բովանդակությանը: OpenAI-ի դեմ բազմիցս հայտեր են ներկայացվել ChatGPT-ին կատարելագործելու նպատակով հեղինակային իրավունքով պաշտպանված հոդվածների օգտագործման համար: Ընկերությունը հերքում է այդ պնդումները։
Արհեսատական բանականության չաթբոտերը, ինչպիսին է ChatGPT-ն, կարող են մի քանի վայրկյանում ստեղծել էսսեներ, բանաստեղծություններ և ավելին, սակայն մտավախություն կա, որ բոտերը կարող են վերամշակել և տարածել կեղծ, անհեթեթ կամ վիրավորական նյութեր: