«Թուրքիան առանցքային դեր է խաղում Կենտրոնական Ասիայում». ամերիկացի պրոֆեսոր
ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սին Ռոբերթսը հանդես է եկել Թուրքիայի ունեցած դերի մասին իր մեկնաբանություններով։
«Ըստ իս՝ Թուրքիան Կենտրոնական Ասիայում առանցքային դեր ունի խաղալու»,- ըստ ermenihaber.am-ի՝ ասել է Ռոբերթսը անցյալ շաբաթ Ստամբուլում կայացած «TRT World Forum 2023»-ի համաժողովում։
Նա Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում գնահատել է Թուրքիայի քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում և դրա նշանակությունը տարածաշրջանի համար:
Ռոբերթսը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց հետո տարածաշրջանում փոփոխություններ են տեղի ունեցել։ Ըստ նրա՝ Կենտրոնական Ասիայում թուրքական ծագումը վերագտնելու շարժումը աստիճանաբար աճում է, և Թուրքիան կարող է շատ կարևոր դեր խաղալ այդ հարցում։
Ամերիկացի պրոֆեսորը նշել է, որ Կենտրոնական Ասիան դառնում է Ռուսաստանի և Չինաստանի քաղաքականության միջև լարվածության գոտի, և որ տարածաշրջանի երկրների միջև այս երկու խոշոր տերությունների քաղաքականության վերաբերյալ աճող կասկածների պատճառով նրանք փնտրում են նոր գործընկերություններ։
Ըստ Ռոբերթսի՝ ԱՄՆ-ն և Եվրոպան գտնվում են անբարենպաստ վիճակում Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում՝ ասելով, որ նրանք շատ հեռու են Կենտրոնական Ասիայից և չունեն նույն հետաքրքրությունը տարածաշրջանում, ինչ Թուրքիան: Մասնագետի կարծիքով Թուրքիան կարող է յուրատեսակ կամրջի դեր կատարել Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի և Արևմուտքի մնացած մասերի միջև:
Ռոբերթսը նաև ենթադրում է, որ մշակութային ազդեցության տեսանկյունից Կենտրոնական Ասիան կարող է մրցակցության դաշտ լինել Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ ասելով, որ գուցե ինչ-որ չափով Թուրքիան կարող է վտանգ ներկայացնել Ռուսաստանի շահերին տարածաշրջանում, բայց դա չի հանգեցնի բախման երկու երկրների միջև։