Սա կոռուպցիա ծնող օրենք է, ամբողջ բեռը մնալու է հասարակ ժողովրդի վզին. Վահագն Սահակյան

«Առցանց տաքսի» եզրույթ գոյություն չունի՝ դա ավանտյուրա է։ Նույն ոլորտում երկու տարբեր սուբյեկտներ պետք է կատարեն հարկային տարբեր վճարումներ, ենթարկվեն տարբեր օրենքների։ Առցանց տաքսի ծառայությունները, դրանք օպերատորներ են, առևտրային ընկերություններ, որոնք գնում են պատվերը ուղևորից և վաճառում վարորդին, հետևաբար՝ պետք է հարկվեին բոլոր առևտրային ընկերությունների նման։

 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը: Վերջերս ԱԺ-ն ընդունել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի» փաթեթը, որով որոշակի հարկային և տուրքային պարտավորություններ են սահմանվում տաքսի ծառայությունների, մասնավորապես, առցանց տաքսիների համար։ 2024 թվականի սեպտեմբերից  կիրառության մեջ մտնող օրենքով 1 մլն դրամ տուրք է սահմանվում  օպերատորների համար՝ տարեկան մեկ անգամ: Իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող  իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով  տուրք է վճարելու, որն ավտոմատ գանձվելու է:

Մեր զրուցակցի կարծիքով, երբ առցանց տաքսին ցանկանում են լիցենզավորել՝ ստացվում է, որ լիցենզավորվում է՝ որպես տաքսի ծառայություն, իսկ տաքսի ծառայությունը, որը չունի աշխատակիցներ, այլ ընդամենը օրվա տարբեր ժամերին գրանցվող մարդիկ, և միայն  պատվերներ են կատարում ու դուրս գալիս, օրինաչափ չէ, որ դա  այդպես հարկվի:

«Տաքսու վարորդը, ըստ օրենքի, պետք է լինի լիցենզավորված՝ և՛ ինքը, և՛ իր մեքենան, այդ մարդը պետք է ներկայացնի որոշակի փաստաթղթեր, որ որոշակի հիվանդություններ ու կախվածություններ չունի, և այլն։ Այսինքն՝ պետք է համապատասխանի այն բոլոր նորմերին, որը ենթադրում է լիցենզիան։ Այս ամենը պետության կողմից ընդանրապես վերահսկելի չէ։ Պետք է լիցենզավորեր ոչ թե այդ առցանց հարթակը, հետախոսային այդ հավելվածը, այլ պետք է հարկեին վարորդներին, լիցենզավորեին։ Այն, ինչի մասին հիմա խոսում են, և մարդիկ պետք է դա վճարեն, դրանք հարկեր չեն։ Եթե պատվեր են ընդունել, ի՞նչ կապ ունի՝ որտեղից են ընդունել, նույնիսկ, եթե Գիքորն է «էստի համեցեք» ասելով՝ մարդուն նստեցրել  մեքենան, միևնույն է, դա բիզնեսի նույն ոլորտն է, և բոլորը պետք է հարկվեն նույն օրենքով ու հարկերով»,- շեշտեց Վահագն Սահակյանը։

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց՝ առցանց տաքսի ծառայությունները տարիներ շարունակ զբաղված էին դեմպինգով, 1 կմ ճանապարհը սպասարկում էին 100 դրամով։ Նման անհավասար մրցակցային պայմաններում բազմաթիվ տաքսի ընկերություններ են փակվել։

«Հիշեք մեր մեծերի խոսքերը՝ ձրի պանիրը միայն թակարդում է դրված լինում։ Մենք այսօր դրա պտուղներն ենք քաղում, երբ թողեցինք, որ մեկ ընկերություն դոմինանտ դեր խաղա շուկայում, դեմպինգի միջոցով լուծարի ընկերություններ, որի արդյունքում այսօր տաքսի ծառայության գները բարձրացել են։ Այս ընկերությունների համար, որպես աշխատանքային գործիք, ծառայում է հեռախոսը, հիմա՝ հարց, կարելի՞ է վարորդին երթևեկության ընթացքում օգտվել հեռախոսից, իհարկե չի կարելի։ Սա շատ լուրջ անվտանգային հարց է։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևանում վթարների մոտ 80 տոկոսը տեղի է ունենում հեռախոսից օգտվելու պատճառով, իսկ դրա մոտ 60 տոկոսը բաժին է ընկնում օնլայն պատվերներին, մարդիկ երթևեկության մեջ ստանում են պատվեր, չեն կարողանում չեղարկել, քանի որ 3 անգամ չեղարկելուց հետո հայտնվում են «սև ցուցակում» ու պատվեր չեն ստանում։ Ստացվում է, որ այդ ընկերությունները վարորդներին ստիպում են գնալ մարդասպանության»,- շեշտեց նա։

Վահագն Սահակյանի բնորոշմամբ՝ այս օրենքն ունի բազմաթիվ հակասություններ, օրինակ՝ մեկ ոլորտում երկու տարբեր սուբյեկտներ չեն կարող հարկվել տարբեր չափերի հարկերով։ Ստացվում է, որ պետությունը վերահսկողությունը հանձնում է վերահսկվողին։

«Թույլ տվեք ենթադրություններ չանեմ, բայց իմ տարիքն ու փորձն ինձ հուշում են, որ եղած օրենքը չի գործում միայն կոռուպցիայի դեպքում, մնացած դեպքերում բոլոր օրենքներն  էլ աշխատող են։ Այս օրենքն ինքը հենց կոռուպցիա ծնող օրենք է, տեսե՞լ եք՝ որևէ օրենքի մշակումից հետո քաղաքացու համար մի բան էժանանա, չի լինում նման բան»,- շեշտեց Վահագն Սահակյանը։

Միաժամանակ նա ասաց, որ առցանց տաքսի ընկերություններին պարզապես ներկրել են Հայաստան։ «Յանդեքս» ընկերությունը անհայտ ծագման ընկերություն է, որը ՌԴ-ի հետ էլ կապ չունի, քանի որ Ղրիմի սանկցիաներից հետո ընկերությունը սկսեց չաշխատել Ղրիմում, եթե լիներ ռուսական ընկերություն, ապա կաշխատեր։

«Ըստ տարածված խոսակցությունների, ես դա ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել, ասում են՝ իբրև Ադրբեջանը գնել է այդ ընկերության բոլոր բաժնեմասերը։ Չպետք է մոռանանք, որ այս ընկերությունը սանտիմետրի ճշգրտությամբ չափագրում է մեր երկիրը»,- եզրափակեց Վահագն Սահակյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս