Հանուն ՀՀ անվտանգության՝ ԵՄ քայլերը լինելու են «փափուկ ուժի» տիրույթում․ Եվսեև

Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը և դրա կուլիսներում մի շարք ուշագրավ հայտարարություններ են հնչել։

Նախ նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով մի շարք հանդիպումներ ունեցավ եվրոպական ղեկավարների ու մի շարք երկրների ԱԳ նախարարների հետ, հանդես է եկել ելույթով և ըստ էության հաստատել Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից՝ նշելով, թե չնայած վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին՝ «ժողովրդավարացման գործընթացը» և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը Հայաստանում ոչ մի վայրկյան կանգ չի առել, Հայաստանը հստակ որոշում է կայացրել ընտրել ժողովրդավարացման և բարեփոխումների անշրջելի ուղին։

«Մեր վճռականության վերջին դրսևորումը Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումն էր: Միանալով Արդարադատության միջազգային դատարանին՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել միջազգային իրավակարգի ամրապնդմանը՝ միևնույն ժամանակ վերահաստատելով սեփական ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու ինքնիշխան իրավունքը»,- ասել է Միրզոյանը:

Նա նաև ողջունել է Եվրոպական հանձնաժողովի որոշումը՝ առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդավայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ՝ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդը նույնպես ունի եվրոպական ձգտումներ:

«Մենք հանձնառու ենք ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»,- ասել է Միրզոյանը՝ նույնությամբ կրկնելով Նիկոլ Փաշինյանի թեզերն ու շեշտադրումները։

Իրենց հերթին՝ եվրոչինովնիկները փորձել են որոշ փակագծեր բացել, թե ինչ են պատկերացնում՝ աջակցություն ՀՀ-ին ասելով։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ Արևելյան գործընկերության ողջ տարածքում բարդ իրավիճակ է ստեղծվել՝ Բելառուսում, Ուկրաինայում, ինչպես նաև Հարավային Կովկասում։

«Լավ նորություն է, որ Վրաստանն առաջ է շարժվում դեպի ԵՄ անդամակցություն, սակայն իրավիճակը Հայաստանում պահանջում է մեր վճռական աջակցությունը։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք ուժեղացնել այն»,- ասել է Բորելը:

Նա նշել է նաև, որ տեսնում է՝ Հայաստանը զգում է ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու օգուտները, և ԵՄ-ն պատրաստ է դրան դրական արձագանքելու։

«Որպես համագործակցության ընդլայնման առաջին քայլ՝ այսօր Արտաքին գործերի խորհուրդը համաձայնություն է տվել Հայաստանում մեր քաղաքացիական առաքելության ավելացմանը՝ գետնի վրա մեր ներկայությունը 138-ից հասցնելով 209-ի։ Սա առաքելության թվականակի կարևոր ավելացում է, ինչպես նաև Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին կայունությունն ավելացնելու ճանապարհ»,- հայտարարել է Բորելը։

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն էլ պարզաբանել է, թե ինչ է ենթադրում Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին հնարավոր աջակցությունը, որի շուրջ քննարկումների մասին ավելի վաղ հայտարարել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Ստանոն ասել է, որ աջակցությունը քննարկվում է անդամ երկրների կողմից՝ հաշվի առնելով հայ գործընկերների կարիքներն ու խնդրանքը։

«Դա կարող է լինել դաշտային հիվանդանոց, պաշտպանական սարքավորումներ, բայց կարող է նաև մեծացնել կիբեռհարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները։ Սպեկտրը շատ լայն է, և անդամ պետությունները պետք է որոշում կայացնեն, թե, ի վերջո, ԵՄ-ն ինչ պետք է անի՝ արտացոլելով այն, ինչ Հայաստանը սահմանում է՝ որպես ամենահրատապ կարիքներ»,- ասել է Ստանոն։

Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես կարելի էր ենթադրել՝ ԵՄ-ն գործնական առումով, գետնի վրա ՀՀ անվտանգության, ռազմական ներուժի ավելացման համար ոչինչ չի անելու։

«Այն ոլորտները, որոնք նշում է ԵՄ-ն, մեծամասնությամբ համագործակցության մշտական ոլորտներն են, օրինակ՝ ապատեղեկատվության դեմ պայքարը, կիբերհարձակումների դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համար նորություն չէ։ Նորությունը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ներկայությունն է և աննախադեպ մասշտաբի «փափուկ ուժի» կիրառումը Հայաստանի նկատմամբ, որով փորձ է արվելու պարզապես ստեղծել անվտանգության ապահովման տպավորություն։

Սակայն պատերազմների ժամանակաշրջանում երկրներին անվտանգության ապահովման համար հարկավոր է թե պաշտպանողական, թե հարձակողական սպառազինություն։ Անվտանգության ապահովման և ռեգիոնում ռազմական հավասարակշռության վերականգնման համար հարկավոր է ունենալ սպառազինություն, որոնք ծառայում են թե պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելուն, թե հարձակվելուն։ Նշեմ նաև, որ շատ սպառազինություններ օգտագործվում են թե պաշտպանության, թե հարձակվելու նպատակով։ Ուստի, երբ հատուկ ընդգծվում է, որ պաշտպանական կարիքներն է հոգալու ԵՄ-ն, նշանակում է, որ այս ոլորտում չեն արվելու շրջադարձային նշանակության քայլեր ու լուրջ սպառազինություն չի տրամադրվելու։

Այս դեպքում խոսքն առանձին երկրների մասին է, քանի որ ԵՄ-ն չի կարող զենք վաճառել կամ այլ լուրջ ռազմական գործողություններ իրականացնել։ Լինելու են քայլեր «փափուկ ուժի» տիրույթում»,- ասաց Եվսեևը։

Նա գտնում է, որ զուգահեռ ԵՄ-ն ավելացնում է դիտորդներին, ոչ թե մեծացնում նրանց լիազորություններն ու հնարավորությունները։

«Դիտորդները ևս ՀՀ-ում են զուտ քաղաքական ներկայություն ապահովելու նպատակով»,- ասաց նա։

ԱլԳ նախարարական այս հանդիպմանը, ըստ վերլուծաբանի, Ուկրաինան և ՀՀ-ն առանցքային դիրքերում էին, ինչը ցույց տվեց, թե ԵՄ-ի համար որքան կարևոր են ներկայումս այս երկրները ՌԴ-ի դեմ։

«ԱլԳ ծրագիրը հենց այդ նպատակով էլ ստեղծվել էր, որպեսզի հետսովետական տարածաշրջանը կտրվեր Ռուսաստանից»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս