Ալիևը Հայաստանի չգոյության երաշխիքն է ուզում, երբ խոսում է ռևանշ չանելու երաշխիքի մասին. Աբովյան
Ոչ թե Արցախի գոյությունն էր Հայաստանի համար սպառնալիք, այլ Արցախի չգոյությունը, քանզի, եթե չկա հայկական Արցախ, ապա Հայաստանն ուղղակիորեն զրկված է զրահաբաճկոնից, ինչին էլ հաջորդելու է Հայաստանի կազմաքանդումը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Արման Աբովյանը՝ Արցախի գոյությունը Հայաստանի համար սպառնալիք համարողների վերաբերյալ շեշտելով.
«Իշխանության կազմում ով ինչ ասես՝ խոսում է, բայց իրենք հո՞ հասկանում են, թե ինչ է կատարվում։ Նրանց դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ ամեն գնով պետք է պահպանել իշխանությունը, թեկուզ Հայաստանից մնա միայն Դեմիրճյան փողոցը։ Դա էլ մնա, իշխանությանը դա բավարար է»,- ասաց Աբովյանը։
Հայաստանը մասնատելու թուք-ադրբեջանական սցենարի մասին էլ Աբովյանը շեշտեց՝ Ադրբեջանին զիջելուց հետո անգամ չի հաստատվելու խաղաղություն, որովհետև դրան հաջորդելու է Հայաստանում 300 հազար ադրբեջանցու բնակեցումը, ինչի դեպքում ունենալու ենք այն նույն սցենարը, որը կա Կիպրոսում. չէ՞ որ թուրքերը սկզբում բնակեցվեցին Կիպրոսում, ինչին հաջորդեց թուրքական զորքի ներխուժումը Կիպրոս։
«Կիպրոս ներխուժելու հիմնական պատրվակը թուրքական փոքրամասնության պաշտպանությունն էր»,- ասաց մեր զրուցակիցը` շեշտելով, որ Հայաստանի իշխանությունը գնում է ոչ թե խաղաղության պայմանագրի կնքման, այլ տալիս է Հայաստանի Հանրապետության կազմաքանդման մեկնարկը։
Վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խաղաղության պայմանագիր ասվածը Հայաստանի չգոյության մեկնարկ է դիտարկում նաև թուրք-ադրբեջանական տանդեմը, որը շտապեցնում է այդ գործընթացը՝ Հայաստանից մաքսիմումը ստանալու համար, ինչին կարող է հասնել, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական ճակատով։
Աբովյանի մեկնաբանությամբ՝ Հայաստանի նկատմամբ ճնշում են գործադրում գործընթացն արագացնելու համար՝ պարտադրելով Հայաստանի անկախության հռչակագրի և Սահմանադրության փոփոխություն, ինչի համար էլ այս իշխանությունը կփորձի գնալ արտահերթ ընտրությունների, որովհետև այն, ինչը ստորագրելու է Փաշինյանը, լինելու է ոչ լեգիտիմ։
«Ադրբեջանը շտապում և շտապեցնում է Հայաստանին, նաև, քանի որ 2024 թվականին և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը կմտնեն նախընտրական փուլ, ինչը նշանակում է, որ ուկրաինական ճակատում կլինի որոշակի սառեցում, ինչն իր հերթին նշանակում է՝ ազատվելու է որոշակի ռեսուրս, ինչը Ռուսաստանը կուղղի Հարավային Կովկասի ուղղությամբ և ոչ միայն, ուստի ԱՄՆ-ը, Ադրբեջանը փորձում են ամրագրել այն կոնֆիգուրացիան, որը կդժվարացնի ռուսների և իրանցիների ակտիվացմանն այս տարածաշրջանում։ Ասել է թե՝ կնքել պայմանագիր, որ հետո Ռուսաստանին ասեն՝ էլ ինչո՞ւ ես վերադառնում»,- մանրամասնեց Աբովյանը՝ ընդգծելով՝ այդ նպատակին հասնելու համար է նաև, որ Ալիևը Հայաստանից պահանջում է երբեք ռևանշ չանելու երաշխիք։
«Ալիևը երբ ասում է՝ երաշխիք է պետք, որ Հայաստանը ռևանշ չի անի, նշանակում է՝ երաշխիք տվեք, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն չի ունենա, իսկ նրանք, ովքեր սա չեն հասկանում, թուրքի դուդուկի տակ տրնգի են պարում»,- խոսքը եզրափակեց Աբովյանը։
Մանրաամասները՝ տեսանյութում։