Էս ի՞նչ Շարիկովներ են գործուղվել Հայաստանը ղեկավարելու

Ֆեյսբուքյան օգտատեր Մուշեղ Մկրտչյանը իր էջում գրում է․ «Այս կիրակի առավոտով թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել մի երևույթի վրա, որն իր նախադեպի ցինիզմով և անօրինականությամբ վեր է անձնական և լոկալ հարթության խնդրից և վստահաբար տարածվելու բոլոր ոլորտներում և վերաբերելու բոլոր այն անհատներին, որոնց գործունեությունը տհաճ է իշխանավորների քիմքին։

Երկու օր առաջ տեղի ունեցավ լեգենդար Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի հիմնադրած թատրոնի գործով դատավարության երկրորդ նիստը։ Թեմայից անտեղյակներին պարզաբանեմ, որ իշխանությունը որոշել է հեռացնել ընդդիմադիր հայացքներ ունեցող և սեփական միջոցներով հակաիշխանական «Իշխանություն» ֆիլմի հեղինակ, Ֆրունզիկ Մկրտչյանի հիմնադրած և Ալբերտ Մկրտչյանի վերականգնած թատրոնի գեղարվեստական ղեկավար, սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանին (Ա. Մկրտչյանի որդի)։

Հեռացման համար ընտրվել է գեղարվեստական ղեկավարի հաստիքի կրճատումը։ Մի կողմ թողնեմ հենց այդ գործողության անօրինականությունը։ Այն կատարվել է օրենքի կոպտագույն խախտումներով, բայց դրա մասին կխոսեն փաստաբանները։

Կարևորն այստեղ այն պատճառաբանությունն է, թե ինչո՞ւ ըստ օրենքի պահանջի Մհերին չի առաջարկվել նոր հաստիքացուցակով համապատասխան աշխատանք։

Ուշադրություն։ Ըստ իշխանության շահերը սպասարկող իրավաբանների Մհերը համապատասխան կրթություն և որակավորում չունի։

Ուրեմն նախկին ԽՍՀՄ-ում եզակի Կինոյի համամիութենական ինստիտուտի դիպլոմը բավարար չէ թատրոնում աշխատելու համար։

Դա ՀՀ իշխանության համար մասնագիտական կրթություն չէ !!!
Չեմ ցանկանում այս գրառումը կարդացողների ինտելեկտը վիրավորել բացատրելով կինոյի և թատրոնի հարազատ արվեստներ լինելը, չեմ հիշեցնի այն բոլոր համաշխարհային աստղերին, ովքեր զբաղվել են և կինոյով և թատրոնով, ունենալով մեկի կամ մյուսի մասնագիտական կրթությունը։

Միայն ներկայացնեմ մի փոքրիկ ուսումնասիրություն։

Ուրեմն 2018 թ. մինչ այսօր ՀՀ-ում (ներառյալ հանրային հեռուստատեսությունը) պետական ֆինանսավորմամբ նկարահանված բոլոր ֆիլմերի ռեժիսորները (երկու բացառությամբ) ունեն ոչ թե կինոյի այլ թատերական կրթություն։ Ստացվում է, որ այս իշխանության պետական հանձնաժողովները ֆինանսավորել են մասնագիտական կրթություն չունեցողների։

Եվ մի կին ատամնատեխնիկ Դոնի Ռոստովում։

Ներողություն, պետական միջոցներով ֆիլմեր նկարահանողների մեջ կա նաև մի գրող (ասում են ՔՊ ական է) (պատմվածքներ գրող, ուրիշ բան չմտածեք))), պոլիտեխնիկի շրջանավարտ և այլոք։

Լավ էս ի՞նչ եք անում։ Այսքան լկտի և ցինի՞կ

Ում եք հիմարի տեղ դնում։ Ձե՞զ։

Հիմա իրավունք ունե՞նք պահանջելու, որ բոլոր նրանք, ովքեր որոշում են կայացրել ֆինանսավորել ըստ ձեզ մասնագիտական կրթություն չունեցողների, քրեական պատասխանատվության ենթարկվեն։

Եթե Բուլգակով անունը իշխանավորներին ծանոթ է, ապա պետք է իմանան նաև մի հայտնի ստեղծագործության մասին։ Կոչվում է Շան Սիրտը։ Էս ի՞նչ Շարիկովներ են գործուղվել Հայաստանը ղեկավարելու։

Բազմացեք, Շարիկյաններ։ Կյանքը կարճ է։

Մարկեսի ոճով կասեմ ես»։

Տեսանյութեր

Լրահոս