Ցայտնոտի մեջ են
Կառավարությունը ոտուձեռ է ընկել. բյուջեի փողերը չեն հավաքվում։ Տարեսկզբին գլուխ էին գովում, որ բյուջեի եկամտային մասը գերակատարել են, բայց կանգնած են թերակատարելու վտանգի առաջ։
Խնդիրներ են առաջացել հատկապես հարկերի հավաքման հետ կապված։
Այլևս հարկերի հավաքման նախկին աճերը չկան։ Վերջին ամիսներին հավաքագրման աճի տեմպերն էապես ընկել են։
Նոյեմբերին հարկային եկամուտներն ընդամենը 5 տոկոսով են ավելացել։
Նախորդ տարվա այդ ամսին հավաքվել էր 153,4 մլրդ դրամ, այս տարի հավաքվել է 161,2 միլիարդ։
Մուտքերը նոյեմբերին ավելացել են հազիվ 7,8 միլիարդով կամ 5 տոկոսով։
Աճի տեմպն անգամներով ցածր է, քան տարեսկզբին էր։
Առաջին կիսամյակում, նախորդ տարվա ցածր բազայի վրա, հարկային մուտքերի բարձր աճ էր գրանցվում, իշխանություններին էլ թվացել էր, թե դա իրենց աշխատանքի արդյունքն է։ Գլուխ էին գովում, մատի փաթաթան էին դարձրել գերակատարումները։
Երկրորդ կիսամյակից սկսած՝ մուտքերի աճի տեմպն էապես դանդաղել է։ Եթե տարվա առաջին կեսին հարկային եկամուտների գրեթե 19 տոկոս աճ կար, երրորդ եռամսյակում աճը կազմեց ընդամենը 7,5 տոկոս։
Արդյունքում՝ բյուջեի հարկային եկամուտների ինն ամիսների ճշգրտված պլանը նույնիսկ թերակատարվեց։ Գրեթե 900 մլն դրամի շեղում արձանագրվեց։
Սրա մասին, իհարկե, կառավարությունում այդպես էլ չխոսեցին։ Չխոսեց նաև Նիկոլ Փաշինյանը, որը բյուջեի մուտքերի մասին միայն գերակատարումների ժամանակ է հիշում։ Թերակատարումներից երբեք չի խոսում։ Ու տպավորություն է, որ բյուջեն մշտական գերակատարումների մեջ է։ Այնինչ՝ իրականում տարեսկզբի գերակատարումները ժամանակավոր էին, ու այդ ժամանակավոր աճերի վրա կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը փորձում էին մանիպուլյացիաներ անել։
Ժամանակը ցույց տվեց, թե այդքան գովազդված գերակատարումներից ինչ մնաց։ Արդեն անգամ նախատեսվածը չեն կարողանում ապահովել։
Նոյեմբերին նույնիսկ ավելի քիչ հարկ է հավաքվել, քան այս տարվա հոկտեմբերին։
Մուտքերը նվազել են 15,4 մլրդ դրամով։
Բայց այնպես չէ, որ դրա վրա ազդել է սեզոնայնությունը։ Սեզոնայնության գործոնը սրանում չկա, պարզապես մուտքերը կրճատվել են։
Նոյեմբերի ցածր հավաքագրումից հետո հարկային եկամուտների 11 ամիսների կատարողականը կազմել է 14,1 տոկոս։ Այն այլևս զիջում է ճշգրտված պլանով նախատեսված աճին։
Բյուջեի այս տարվա հարկային եկամուտների ճշգրտված պլանը կատարելու համար անհրաժեշտ է ապահովել մուտքերի առնվազն 15,3 տոկոս աճ։
Տասնմեկ ամիսների տվյալներով, աճն արդեն դրանից ցածր է 1,2 տոկոսային կետով։ Ու սա լուրջ ռիսկ է, որ տարեվերջին ճշգրտված պլանը չի կատարվի։
Բյուջեի ճշգրտված պլանով նախատեսված է տարեվերջին ապահովել 2 տրիլիոն 224,8 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Տասնմեկ ամսում հավաքվել է 1 տրիլիոն 954,8 միլիարդ։
Ճշգրտված պլանը կատարելու համար դեկտեմբերին պիտի հավաքեն 270 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ՝ 56,7 միլիարդով կամ 25,8 տոկոսով ավելի։
Դատելով վերջին ամիսների ցածր կատարողականից՝ սա գրեթե անհնարին է։ Դրա համար էլ կառավարությունը ցայտնոտի մեջ է. հապճեպ հարկային բեռ է ավելացնում, տուգանքներն է խստացնում, նոր տուգանքներ է մտցնում, հարկատուներին պայմաններ է թելադրում, երբեմն՝ անգամ տրամաբանությունից դուրս։
Դեկտեմբերի 1-ից անշարժ գույքի վարձակալության խստացված տուգանքներն արագացված ռեժիմով դրեցին գործողության մեջ։ Սովորաբար հարկային օրենսդրության նման փոփոխությունները տարեսկզբից են կիրառում, վատագույն դեպքում՝ տարվա կեսից։ Բայց ինչպես տեսնում ենք, այս անգամ որոշել են դեկտեմբերից անել, երբ տարեվերջին ընդամենը մեկ ամիս է մնացել։ Մեկ ամիս էլ չհամբերեցին, որովհետև բյուջեում փողի պակաս կա։
Ավտոներկրողներին են պարտադրում ներկրվող մեքենաների վրա 20 տոկոս վերադիր դնել ու դրանից վճարել հարկերը։ «Իրավունք» չունեն, ենթադրենք, 19 տոկոս դնել, միևնույն է, հարկայինը 20 տոկոսից է գանձելու հարկերը։
Սա բացահայտ ծաղր է օրենքի ու հարկատուների իրավունքների նկատմամբ։
Ինչո՞ւ հիմա հիշեցին, որ Հայաստանում 9 հազար վրացական համարանիշներով ավտոմեքենաներ կան։ Կարծես մինչև հիմա չգիտեին, որ դրանք ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի քաղաքացիներն են շահագործում։
Նիկոլ Փաշինյանն իր ոճի մեջ հայտարարում է՝ ուրախացել էի, որ Հայաստանում վրացական համարներով այդքան ավտոմեքենաներ էի տեսնում։ Մտածում էի՝ Վրաստանից այդքան շատ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան։ Պարզվում է, մեր քաղաքացիներն են վրացական համարներով ավտոմեքենաներ շահագործում։
Իբր այս մարդկանց լավություն անելու համար որոշել են ավտոմեքենաները հրատապ մաքսազերծելու ժամանակ տալ։ Ժամկետն էլ հատուկ սահմանել են դեկտեմբերի 1-30-ը, որպեսզի կարողանան այդ գումարների հաշվին բյուջեի դեկտեմբեր ամսվա հարկային եկամուտների պլանը կատարել, վատագույն դեպքում՝ հնարավորինս քիչ թերակատարում թույլ տան։
Որպեսզի վրացական համարներով շահագործվող մեքենաների սեփականատերերին շահագրգռեն, նույնիսկ պատրաստ են մեծ փոխհատուցում տալ՝ մաքսատուրքի 40-ից ընդհուպ 60 տոկոսը ներել։ Ոչինչ, որ սրանով ոտնահարում են մյուսների իրավունքները, ովքեր մեքենաները բերել են ու ժամանակին մաքսազերծել՝ ամբողջությամբ վճարելով մաքսատուրքերը։
Ստացվում է, որ ովքեր շրջանցել են օրենքը, օգտվել դրա բացերից, մի բան էլ փոխհատուցում են ստանալու պետությունից։
Վրացական համարներով ավտոմեքենաների մաքսազերծումից, կառավարության հաշվարկներով, կարող է ստացվել 15-16 մլրդ դրամ՝ զեղչերը հանելուց հետո, ինչը փոքր գումար չէ բյուջեի համար։ Չնայած այն կարող էր շատ ավելին լինել, եթե կառավարությունը հետևողական լիներ և ժամանակին վերացներ այն բացերը, որոնք թողել է ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման ռեժիմների համար։ Այսօր վճարում է դրա համար և պատրաստ է տասնյակ միլիարդներ զիջել՝ 10-15 մլրդ դրամ ստանալու ու բյուջեն փրկելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ