Apple-ը ծրագրում Է տարեկան ավելի քան 50 մլն iPhone արտադրել Հնդկաստանում
Apple կորպորացիան առաջիկա 2-3 տարում ծրագրում է տարեկան ավելի քան 50 մլն iPhone արտադրել Հնդկաստանում: Այս մասին գրում է Wall Street Journal թերթը` հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրների` եթե ծրագրերն իրականացվեն, Հնդկաստանին բաժին կհասնի iPhone-ի համաշխարհային արտադրության մեկ քառորդը, իսկ մինչև տասնամյակի վերջ այդ մասնաբաժինը կավելանա: Ակնկալվում է, որ հարավում գտնվող Կարնատակա նահանգում կառուցվող Foxconn գործարանը կսկսի գործել ապրիլին և առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում տարեկան կարտադրի 20 միլիոն բջջային հեռախոս, հիմնականում` iPhone:
Աղբյուրները նշում են, որ Apple-ը ընտրել է Հնդկաստանը նաև որպես բյուջետային iPhone-ների արտադրության փուլի հարթակ: Դրանք կվաճառվեն 2025 թվականին:
Վերջին մի քանի տարվա ընթացքում Apple-ն ակտիվացրել է իր գործունեությունը Հնդկաստանում և դարձել է այդ երկրից բջջային հեռախոսների խոշորագույն արտահանողը:
Թայվանական Foxconn Technology Group-ը` էլեկտրոնիկայի խոշորագույն պայմանագրային արտադրող և iPhone հավաքող ընկերությունը, սկսել է iPhone 15-ի թողարկումը Հնդկաստանի Թամիլնադ նահանգի գործարանում: