Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Տելեգրամ»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացրած ու փողերի լվացում կատարած անձի նկատմամ

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածում «Top Weed» առցանց խանութ-հարթակը ստեղծելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու և 79 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական վարույթով պարզվել է՝ Ա.Գ.-ն 2019 թվականից, մի խումբ անձանց հետ, համապատասխան վարձատրության դիմաց, սկզբում՝ որպես թմրամիջոց տեղադրող, իսկ հետագայում՝ որպես պահեստապետ, իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Ա.Գ.-ն, նույն ժամանակահատվածում, ՌԴ-ից պարբերաբար մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և սահմանված արգելքը խախտելու եղանակով, տեխնիկական սարքավորումների մեջ թաքցված վիճակում, Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ:

2021-2022 թվականների ընթացքում, Ա.Գ.-ն «Տելեգրամ» հավելվածում իր կողմից ստեղծված և կառավարվող՝ «Top Weed» առցանց խանութ-հարթակով, զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ՝ ներգրավելով նաև այլ հանցակիցների:

Ա.Գ.-ի կողմից կառավարվող՝ «Top Weed» առցանց խանութ-հարթակի միջոցով ապօրինի իրացման համար նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներից ընդհանուր՝ 556,090 գրամ քաշով «մարիխուանա» և 190,326 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցները հայտնաբերվել են Ա.Գ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ:

Ա.Գ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս