Այս պահին որևէ տեղեկություն չունենք. Զառա Ամատունին՝ գերիների հնարավոր վերադարձի մասին

Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին։

«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»,- ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ:

168.amը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ արդյոք Կարմիր խաչը որևէ տեղեկություն ունի՞, թե Ադրբեջանում պահվող գերիներ վերադարձե՞լ են հայրենիք։

«Այդ պահին դժվար է որևէ հստակ բան ասել, բնականաբար, մենք էլ ենք տեսել այդ հայտարարությունը, սակայն այս պահի դրությամբ որևէ այլ տեղեկություն չունենք»,- նշեց Զառա Ամատունին։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը վերջերս իր մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր, որոնք ունեն տարբեր կարգավիճակներ՝ քաղաքացիական գերիներ՝ 6 անձ, ռազմագերիներ՝ 41 անձ, և քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ՝ 8 անձ:

«Սրանք պաշտոնականացված տվյալներն են: Սրանից զատ, Ադրբեջանում գերեվարվել են առնվազն 80 ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվում»,- ասել էր Սիրանուշ Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս