Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների. Փաշինյանի ու Ալիևի համատեղ հայտարարությունը

Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ։

Ազատ արձակված զինծառայողների անունները, սակայն, դեռ չեն հրապարակվել, ինչպես նաև, թե երբ է իրականացվելու նրանց վերադարձը։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ Հայաստանին վերադարձվող անձինք 2020թ. դեկտեմբերին Հադրութի ուղղությամբ «իրականացված հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ ձերբակալվածներն են», մնացած 6-ը ձերբակալվել են սահմանին տարբեր ժամանակահատվածներում, և արդեն իսկ իրենց պատժի մեծ մասը կրել են։

Իրավապաշտպանների տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում 55 հայ է պահվում, 41 ռազմագերի, Արցախի նախկին ղեկավարության 8 ներկայացուցիչ և 6 քաղաքացիական անձ։

Հայտարարությունը տարածած երկու գերատեսչությունները նշում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին։

Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների», – ասված է հայտարարության մեջ:

Որպես բարի կամքի քայլ` Հայաստանը նաև իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը:

Երկու երկրները հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:

Նշվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը`աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար:

Տեսանյութեր

Լրահոս