Հայաստանի մարզիկներն Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճած մեդալների թվով գերազանցել են նախորդ տարվա ռեկորդը
Այս տարի Հայաստանի մարզիկներն Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են 432 մեդալ, որը շուրջ 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ 2022 թվականին Հայաստանը ներկայացնող մարզիկները 307 մեդալ էին նվաճել, ինչն այդ ժամանակ ռեկորդային ցուցանիշ էր։
Այս մասին կառավարության դեկտեմբերի 7-ի հերթական նիստում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարական գործողությունների պլանը հաստատելու մասին» նախագիծը։
Նրա խոսքով՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր առաջնահերթություններից է, և մարզիկների նվաճումներն այդ շարունակական քաղաքականության արդյունք են։
Ըստ նախարարի՝ ոլորտում առանձին խնդիր է հաշվետվողականությունը։
«Այդ թվում օրենսդրական փոփոխությունների միջոցով վերանայվելու և հստակեցվելու են լիազոր մարմնի, ֆեդերացիաների, Օլիմպիական կոմիտեի և մարզական կազմակերպությունների հարաբերությունները։ Ներդրվելու է տեղեկատվական կառավարման համակարգ, աշխատանք է տարվելու մասնավոր ոլորտի ներգրավվածության մեծացման մասով, այդ թվում՝ կառավարման գործընթացները պատվիրակելու միջոցով։ Կմշակվեն առանձին մարզաձևերի զարգացման ծրագրեր՝ ինչպես ֆուտբոլը, շախմատը, բասկետբոլը, ձմեռային մարզաձևերը»,-հավելել է Անդրեասյանը՝նշելով, որ ռազմավարության կարևոր ուղղություններից է ոլորտում կարողությունների զարգացումը, մարզիչների և մրցավարների որակավորման աստիճանական ստանդարտների ներդրման, արդի պահանջներին համապատասխան վերապատրաստումների համակարգի ներդրման և այլ ուղղություններով։
«Շարունակելու են գործել նվաճումներ ունեցող մարզիկների և նրանց մարզիչների խրախուսման գործիքները, որը թե՛ միանվագ, թե՛ ամսական իմաստով շոշափելի դրամական աջակցություն է։ Կան ամսական նույնիսկ մեկ միլիոն դրամից ավելի դրամական խրախուսում ստացող մարզիկներ»,-ընդգծել է գերատեսչության ղեկավարը՝ կարևորելով մարզիչների աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը կամավոր ատեստավորման ներդրման միջոցով։
«Այս տարի իրականացվել է 4 մարզաձևի համար, սակայն եկող տարի կընդլայնվի՝ ընդգրկելով մեծ թվով մարզաձևեր»,-հայտնել է նախարարը։