«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը. Հարությունյանը՝ Մարագոսին

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել փոխգործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի համար և հույս հայտնել, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը խորացնելու փոխադարձ հանձնառությունը նոր թափ կհաղորդի ընթացիկ և սպասվող նախաձեռնությունների արագ կենսագործմանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել է Եվրոպական միության կողմից փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված շարունակական աջակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընթացքի և հեռանկարների վերաբերյալ, անդրադարձել տարածաշրջանային և անվտանգության զարգացումներին, Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումների ընթացքին: Այս համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են նաև ռազմավարական հաղորդակցությանը, այն որպես ինստիտուտ ներդնելու ու կայացնելու հրամայականին, դիտարկել՝ Եվրոպական միության լավագույն փորձն ուսումնասիրելու ու տեղայնացնելու հնարավորություններն ու մեխանիզմները:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ տարածաշրջանային այս կարևոր նախաձեռնության իրագործման հարցում Հայաստանի կառավարությունն ակնկալում է բոլոր միջազգային գործընկերների գործուն աջակցությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս