Ճապոնիան հաստատել է Բրիտանիայի անդամակցությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը հաստատել է վերջնական արձանագրությունը, որը հավանություն է տալիս Մեծ Բրիտանիայի անդամակցությանն Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այդ որոշումն ավարտում է այն ընթացակարգերը, որոնք կապված են տնտեսական համայնքին թագավորության անդամակցության հետ։
Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունն այժմ ներառում է տարածաշրջանի 11 երկիր, որոնք համագործակցում են առևտրային մաքսերի փոխադարձ կրճատման կամ վերացման, ապրանքների, կապիտալների և տեխնոլոգիաների շրջանառության ընթացակարգերի դյուրացման ուղղություններում։
Ընթացակարգերն ավարտելուց հետո Միացյալ Թագավորությունը կլինի առաջին երկիրը, որը կանդամակցի միավորմանը դրա կազմավորումից հետո։ Բացի այդ, Բրիտանիան կլինի միավորման առաջին անդամը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի սահմաններից դուրս:
Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության մեջ են մտնում Ավստրալիան, Բրունեյը, Վիետնամը, Կանադան, Մալայզիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պերուն, Սինգապուրը, Չիլին և Ճապոնիան: 2016 թվականին ստորագրված համաձայնագրին սկզբում մասնակցում էր Միացյալ Նահանգները, սակայն նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնը դուրս եկավ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից: Այդ որոշումը սպառնալիքի տակ դրեց գործընկերության բուն գոյությունը, բայց մնացած մասնակից երկրների ղեկավարները 2019 թվականին փոփոխություններ կատարեցին համաձայնագրի տեքստում և շարունակեցին դրա իրականացումն՝ առանց Միացյալ Նահանգների։
Ներկայում մոլորակի ՀՆԱ-ի 13%-ը բաժին է ընկնում այս գործընկերության երկրներին, որտեղ ապրում է մոտ 500 միլիոն մարդ: Մեծ Բրիտանիան Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանն անդամակցության հայտ է ներկայացրել 2021 թվականի փետրվարի 1-ին։ Միավորմանն անդամակցելու մտադրության մասին են հայտարարել նաև Չինաստանը, Թայվանը և Ուկրաինան: