Փաշինյանի շնորհավորանքը ԼՂՀ անկախության կապակցությամբ կարմիր գծի հատում էր. Ալիև

Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» միջոցառման շրջանակում անդրադարձել է ապօրինաբար ձերբակալված և Բաքու տեղափոխված արցախցի նախկին ղեկավարներին:

«Լաչին վերադարձած բնակիչների հետ հանդիպմանը ես նշեցի, որ այս հարցին նորմալ լուծում կա։ Ես այն ժամանակ ասացի, որ եթե անջատողական առաջնորդները հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր անջատողականների առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք սպասում են Ադրբեջանում դատավարությանը և մեր դատական համակարգի վերջնական վճռին։ Բայց, ցավոք, այն մարդիկ, որոնք յուրովի մենաշնորհել էին իշխանությունն այնտեղ, թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա։

Բացի այդ, սեպտեմբերին տեղի ունեցավ երկու իրադարձություն, որը մեզ համար նշանակում էր անցնել կարմիր գիծը։

Նախ՝ Հայաստանի վարչապետի շնորհավորանքը, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության կապակցությամբ, որը լիովին հակասում էր Հայաստանի վարչապետի ասածին և ստորագրածին։ Որովհետև անցած հոկտեմբերին Հայաստանը և նրա վարչապետը պաշտոնապես ճանաչեցին Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Սրանից և նույն ոգով բազմաթիվ հայտարարություններից հետո անջատականներին շնորհավորական նամակ ուղարկելը մեզ համար դարձավ միանգամայն անընդունելի և խիստ հակասական գործողություն»,- նշել է Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում ընդգրկված են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ «Հարավային Կովկասը շատ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ հաղթահարված են։ Մենք արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Յըլմազը։ Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկն է նաև ԹՐԻՓՓ նախագիծը՝ կիրառելով հայկական կողմի համար անընդունելի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Նա նշել է, որ տրանսպորտային այդ երթուղու բացումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացմանը։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային երթուղին ավելի ամրապնդվի»,- ընդգծել է նա։ Յըլմազը հավելել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։ «Այս հարցում մենք ԱՄՆ-ի հետ ունենք նմանատիպ մոտեցումներ։ Այդ պատճառով Էրդողանի և Թրամփի հանդիպմանը Հարավային Կովկասի թեմայի քննարկումը բնական է»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում կանցկացնեն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահն արդեն ժամանել է Անկարա։ Հիշեցնենք, որ ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան համատեղ նախագիծ է, որի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են հունիսի 4-ին։

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031