Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները
«Հայկական պատմական հետքը Արցախի բռնազավթված տարածքներում ոչնչացնելու համար Ադրբեջանը 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տեխնիկայի գործադրմամբ Շուշիում ոչնչացրել է երկու պատմական գերեզմանոցներ։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:
Գերեզմանատների ավերումն արբանյակային մոնիտորինգի միջոցով ձեռք բերված տվյալների արդյունքում փաստել է Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը (Caucasus Heritage Watch). «Ադրբեջանցիները ծանր տեխնիկայի կիրառմամբ ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով (նկ. 1), որը հայտնի է որպես Երևանյան դարպասների կողքի գերեզմանոց», — նշված է ահազանգի մեջ։
Կովկասի ժառանգության կենտրոնը հաստատել է նաև Շուշիում մեկ այլ` Հին գերեզմանատան ավերումը , որի արդյունքում վերացվել են դեռևս խորհրդային տարիներին Շուշիի ադրբեջանական բնակչության կողմից կիսաջարդ արված պատկերազարդ տապանաքարերը:
Խորհրդային Միության տարիներին լրջորեն վնասված գերեզմանոցում 1990-ականներին մնացել էր ընդամենը 45 տապանաքար։ Այս տապանաքարերից մեկը հիշատակում է Նախիջևանի Ղազանչի գյուղի դարբին Ստեփանի 1758 թվականի մահը: Նա այդ գյուղի բռնի տեղահանված բազմաթիվ հայերից մեկն էր, գյուղ, որի անունով էլ կոչվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի Արցախի արշավախումբը (Պետրոսյան Հ., Սաֆարյան Վ., Վարդանեսովա Տ., Ենգիբարյան Ն., Տիտանյան Մ.) 2004-2005 թվականներին հնագիտական հետազոտություններ է իրականացրել Շուշի քաղաքում և շրջակայքում: Շուշիի մի այլ՝ հայ-հունական հին գերեզմանոցի պեղումների ժամանակ վավերացվել են 12-13-րդ դարերի խաչքարեր (նկ. 11), ինչը ցուցում է, որ Շուշիի սարահարթը բնակեցված է եղել դեռևս 12-13-րդ դարերում: Հետագայում՝ 19-րդ դարում խաչքարերը վերօգտագործվել են նոր թաղումների վրա: Շատ կարևոր են քաղաքի Հին հանգստարանի մաքրման աշխատանքների ժամանակ բացված տապանաքարերը հայերեն արձանագրություններով:
Մեր արձագանքը
Կարևոր է արձանագրել, որ պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է. հիշյալ քաղաքականության արդյուքնում արդեն իսկ ոչնչացվել են Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի Հյուսիսային և Երևանի դարպասների գերեզմանոցները, ինչպես նաև Վազգենաշեն գյուղի մերձակայքում գտնվող գերեզմանատունը։
Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։
Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով»։