Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 29-ին, ժամը 13։24-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան արգելափակված քաղաքացիներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
«Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Range Rover» (վարորդ՝ Պ. Ե., ծնված 1988 թ․) և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել վարորդը և ուղևոր Ս. Ո.-ն (ծնված 1989 թ․), իսկ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից՝ Ա. Ե.-ն (ծնված 1996 թ․) և Ա. Ե.-ն (ծնված 2000 թ․)․ Պ․ Ե.-ն և Ս․ Ո.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փրկարարները Ա. Ե.-ին (ծնված 1996 թ․) և Ա. Ե.-ին (ծնված 2000 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները փակել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հովացման աշխատանքներ։