«Կարճ ժամանակ հետո կտեսնեք, որ Արցախը հանդես կգա մեկ ձայնով». Դավիթ Գալստյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի համար Արցախի հարց գոյություն չունի։

Երբ լրագրողներն ԱԺ նախագահից հետաքրքրվեցին՝ Արցախի հարցը լուծվա՞ծ է, Ալեն Սիմոնյանը հարցով պատախանեց՝ «ի՞նչ է նշանակում՝ Արցախի հարցը լուծվա՞ծ է, ո՞ր Արցախի»։

«Հայաստանի Հանրապետությունը նման հարց այսօր չունի՝ լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ»,- ասել էր Ալեն Սիմոնյանը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ երեկ պատասխանելով ՀՀ-ում Արցախի պետական ինստիտուտները պահպանելու մասին հարցին՝ ասել էր, որ Արցախի պետական ինստիտուտները ՀՀ-ում գործեն՝ ի՞նչ անեն։

Կարդացեք նաև

«Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են` ի՞նչ անեն։ Հայաստանի Հանրապետություն կա, ՀՀ պետական ինստիտուտները գործում են, և այն ֆունկցիաները, որ նրանք պետք է անեն… ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»,- ասել էր Խաչատուրյանը։

Եթե Հայաստանում չգործեն Արցախի պետական ինստիտուտները, Հայաստանի համար Արցախի հարց գոյություն չունի, այդ դեպքում ինչպե՞ս պետք է լուծվի Արցախի ու բռնի տեղահանված արցախահայության խնդիրները, ո՞վ պետք է այդ խնդիրների մասին բարձրաձայնի միջազգային հարթակներում։

168.amի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը պատասխանելով այս հարցին, ասաց՝ այնպես չէ, որ մինչև երեկ ՀՀ իշխանությունների համար Արցախի հարց գոյություն ուներ։

«Նրանք իրենց իշխանության գալու օրից ի վեր ամեն ժամ ու վայրկյան փորձել են փակել Արցախի հարցը։ Եվ դրա հետևանքով է, որ այսօր 150 հազար հայ հայրենազրկված, ամեն ինչը կորցրած, ունեզրկված՝ հայտնվել են այս իրավիճակում։ Իհարկե, տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը բարձրաձայնում է արցախահայության իրավունքների մասին, նաև նրանց վերադարձի մասին, բայց ցավոք, այն իշխանությունը, որն այսօր ներկայացնում է Հայաստանը, նրանք չեն օժանդակելու և չեն էլ օգնելու այս հարցի բարձրաձայնմանը։ Պետք է կարողանանք զուգահեռ ուղիներ փնտրել, որպեսզի այդ հարցը չփակենք»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Ըստ պատգամավորի, Արցախի հարցը ոչ թե արցախահայության կամ ՀՀ իշխանության հարցն է, այլ համայն հայության հարցն է։ Ցավոք, այսօր ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ չեն ներկայացնում հայ ազգի շահերը՝ իրենց անձնական շահը վեր դասելով ազգային շահից։

«Համոզված եղեք, որ լինելու են այն մարդիկ, այն խմբերն ու հանձնախմբերը, որոնք բարձրաձայնելու են Արցախի հարցը, մինչև այնքան ժամանակ, որ Հայաստանում կառավարման կգա ազգային մտածելակերպով իշխանություն և այդ իշխանությունը կօժանդակի՝ համատեղ ջանքերով հասնենք մեր նպատակներին»,- հավելեց Դավիթ Գալստյանը։

Մեր հարցին՝ այլ ուղիներ ասելով, ի՞նչ նկատի ունի, որո՞նք պետք է լինեն այդ ուղիները, մեր զրուցակիցը չցանկացավ այս պահին փակագծեր բացել, բայց վստահեցրեց, որ ակտիվ աշխատանքներ են կատարում։

«Կարճ ժամանակ հետո կտեսնեք, որ Արցախը հանդես կգա մեկ ձայնով, և շատ պատգամավորներ ու խմբակցություններ կաջակցեն, որպեսզի ստեղծվեն հանձնախմբեր, որոնք մեր հարցը կներկայացնեն։ Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա նրանք դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայտարարեցին, որ իրենք չեն կարող ներկայացնել արցախցիներին, արցախցիները պետք է ներկայացնեն իրենք իրենց։ Այս ամենը հաշվի առնելով, կարող ենք վերջնական փորձել այնպես անել, որ Արցախի հարցը ներկայացնելը զուտ պարտականություն չլինի, այլ իրոք նրանք հավատան, որ հասնելու ենք արդյունքների»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս