Պետական ապարատը ստի, կեղծիքի և ֆեյքնյուզի վրա կառուցողները խոսում են «ապատեղեկատվության ու ֆեյքերի» մասին.Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Ինչպես և կանխատեսվում էր՝ Նիկոլ Փաշինյանի հաջորդ թիրախային ուղղությունը դարձավ ազատ խոսքը և ԶԼՄ-ները։ Վերջին շրջանում բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես են նրանք, ովքեր տարիներ շարունակ արհեստական աղմուկ ստեղծելու «գուրուներ» էին, այսօր ջախջախում ազատ խոսքը, պարալիզացնում մամուլի աշխատանքը և լրագրողներին դարձնում առաջնային թիրախ։

Նախօրեին իշխանական ագիտպրոպի ողջ վեկտորը ուղղված էր Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի դեմ։ Ակնհայտ է, որ հայտնի հրապարակման իսկության շուրջ բարձրացված աղմուկը պարզապես առիթ էր․ իշխանությունը ցույց տվեց, թե ինչպես կարող է հարձակվել և իր ողջ ռեսուրսով քարկոծել պրոֆեսիոնալ լրագրողին ու մի ամբողջ լրատվական թիմին։ Այդ դրվագը ևս մեկ անգամ բացահայտեց, թե ինչ են շնչում այս մարդիկ, և որն է նրանց իրական նպատակը։

Պետական ապարատը ստի, կեղծիքի և ֆեյքնյուզի վրա կառուցողները այսօր փորձում են խոսել «ապատեղեկատվության ու ֆեյքերի» մասին։ Սրանք, ովքեր պետական ողջ համակարգը ծառայեցնում են սեփական լայվերը և դեզինֆորմացիայի արտադրությունը տիրաժավորելու, լայքեր ապահովելու համար, հիմա մի բաժակ ջրում փոթորիկ են փնտրում և լուրջ խնդիրների փոխարեն հանրության աչքին փորձում են լրագրությունը դեմոնիզացնել։

Ակնհայտ է, որ այս հարձակումները և տեղեկատվական տեռորը դեռ միայն սկիզբն են։ Առաջիկայում դրանք ավելի լայն շրջանակներ են ընդգրկելու՝ նոր լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ուղղված ֆեյքային գրոհներով։ Անկասկած, Satik Seyranyan-ն այն խմբագիրներից է, ում լրագրողական գործունեությունն ավելի հին է, քան իրեն թիրախավորող ՔՊ-ականների տարիքը, մարդ, ով մշտապես աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով և լրագրողական էթիկայով։

Այս ամենը հստակ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որի նպատակն է շեղել հանրային ուշադրությունը մոտալուտ գործընթացներից և քաղաքական նոր արհավիրքների ֆոնին հասարակությանը հերթական «տեսարանն» առաջարկել»։

Տեսանյութեր

Լրահոս