Հայաստանն այսօր Արցախի հարց չունի. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ խաղաղության պայմանագրի շուրջ, սկզբունքային գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ Ադրբեջանի հետ համաձայնության են եկել՝ հիմնական շեշտը դնելով միջազգային իրավունքի և հավասարության վրա։

Թե կոնկրետ որ հարցերի շուրջ են եկել համաձայնության, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ նախ չի հիշում, հետո չի կարող բացել ու ցիտել մանրամասն։

«Եթե խաղաղության պայմանագրում 8 կետ կա, 8-ից 7-ը համաձայնեցված են, համաձայնեցված են մինչև ստորակետ։

Դե, բնականաբար, նման իրավիճակում բոլորն էլ կուզեն ինչ-որ բան պոկել, սակայն Հայաստանը հավելյալ տեղ զիջում անելու չունի։ Նույնիսկ մեր քաղաքական իշխանությունն իր վրա հարված վերցնելով՝ այնպիսի հայտարարություններ ու քայլեր է արել, մենք մեր իշխանությունն ենք դրել հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել, բայց արել ենք դա՝ հասկանալով, որ մեզ պետք է խաղաղություն»,- նշեց ԱԺ նախագահը։

Կարդացեք նաև

Լրագրողի հարցին՝ նկատի ունի Արցախի Հանրապետությո՞ւնը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ինչո՞ւ միայն Արցախը, կարող է շատ օրինակներ բերել։

«30 տարի և ավելի՝ մենք նույն գործելաոճն ենք ունեցել բոլոր իրավիճակներում՝ նույն տեղը նամակ ենք գրել, զանգել ու հույս ենք ունեցել և անընդհատ… մենք սիրում ենք խոսել, չէ՞, պատմական Հայաստանից… բայց ո՞նց չենք զիջել, բա որ բոլոր հայերը դոշ են ծեծում, թե մեր պատմական հայրենիքը…»,- նշեց նա։

Լրագրողի հիշեցմանը, որ ժամանակին ինքն էլ ասում էր, որ «Աղդամն իմ հայրենիքն է», Ալեն Սիմոնյանը նկատեց.

«Հիմա էլ եմ ասում, որ հայկական լեռնաշղթան իմ հայրենիքն է, իմ պապերն այստեղ են ծնվել։ Բայց այդքան գլուխ գովեցինք, նույն տեղը նամակ գրեցինք, զանգեցինք, եկանք-հասանք, ու մնաց 29.800 քկմ տարածք։ Գուցե հիմա պետք է այլ ձև գործել։

Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին, հին խոսակցությանը չվերադառնանք, դրան 100 անգամ անդրադարձել ենք»։

Ինչ վերաբերում է հարցին, ինչո՞ւ չեն բարձրացնում արցախահայության՝ Արցախ վերադառնալու հարց, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Իսկ արցախահայությունը գնացել-կանգնել է սահմանին, ուզում է վերադառնա, մենք այդ հարցը չե՞նք բարձրացնում։

Կարծում եմ՝ այս փուլում մենք պետք է կենտրոնանանք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման և տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման վրա»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Արցախի հարցը լուծվա՞ծ է, Ալեն Սիմոնյանը հարցով պատախանեց՝ «ի՞նչ է նշանակում՝ Արցախի հարցը լուծվա՞ծ է, ո՞ր Արցախի»։

«Հայաստանի Հանրապետությունը նման հարց այսօր չունի՝ լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Արցախի հարց գոյություն չի ունեցել 1996 թվականից։

Տեսանյութեր

Լրահոս