
Ինչո՞ւ է ՌԴ փոխվարչապետը ՀՀ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալների կրկնակի նվազում կանխատեսում

Չնայած հանգամանքին, որ ԵՄ անդամակցության ցանկությունից հետո ՀՀ-ն ցանկություն է հայտնել միանալ ՇՀԿ-ին, ՌԴ փոխվարչապետը շարունակում է խոսել հայ-ռուսական հարաբերություններում ԵՄ անդամակցության բացասական միտումներից։
Նախօրեին Վլադիվոստոկում ընթացող տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները շարունակում են նվազել։ Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ 2025 թվականի արդյունքներով հայ-ռուսական երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները կարող են կազմել մոտ 6 միլիարդ դոլար՝ 2024 թվականի 12,4 միլիարդի համեմատ։
Սակայն խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, որի հետ ՌԴ-ն լուրջ քաղաքական տարաձայնություններ ունի ներկայումս, Օվերչուկը նշել է, որ «տնտեսական առումով Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները շատ լավ են զարգանում»։
Ռուսաստանի փոխվարչապետի պնդմամբ՝ Բաքվի հետ հարաբերություններում առկա հիմնական խնդիրները քաղաքական են։ «Մեզ նախևառաջ մտահոգում է այն հանգամանքը, որ 13 ռուսաստանցիներ շարունակում են պահվել Ադրբեջանում։ Հուսով ենք, որ այդ մարդիկ շուտով հայրենիք կվերադառնան, իսկ Ադրբեջանի ղեկավարությունն ըմբռնմամբ կմոտենա նրանց տունդարձի գաղափարին»,- նշել է Օվերչուկը։ Խոսելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մասին՝ Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Մոսկվայում այդ զարգացումներին հետևում են «շատ զգուշավոր լավատեսությամբ»։
Օգոստոսի 31-ին Չինաստանում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի ընթացքում զրուցակիցները կարևորել էին հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ այն արդյունավետ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և դրանց հետագա զարգացման ուղիները քննարկելու համար։
ՀՀ կառավարության փոխանցմամբ, կողմերը բարձր էին գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակական ու ակտիվ երկխոսությունը՝ կարևորելով ինչպես բարձր մակարդակի անձնական շփումները, այնպես էլ՝ միջպետական ինստիտուցիոնալ համագործակցությունը։ Այս հանդիպմանն ամենայն հավանականությամբ համագործակցությունը ԵԱՏՄ-ում, ինչպես նաև տնտեսական համագործակցության հարցերը քննարկվել էին, սակայն ՌԴ փոխվարչապետի ամեն հաջորդ հայտարարություն էլ ավելի ու ավելի անհանգստացնող կանխատեսումների առիթ է տալիս։
Ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ այս հայտարարությունների պատճառը ՀՀ-ի ձգտումներն են դեպի ԵՄ, որի ճանապարհին, ամենայն հավանականությամբ, պաշտոնական Երևանը նաև տնտեսական բնույթի փոփոխություններ է իրականացնում հանուն ԵՄ-ի հետ առևտրատնտեսական ինտեգրացիայի։
Ըստ նրա, սա չի կարող չանդրադառնալ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառության վրա։
«Հետևաբար՝ սա չի կարող չանդրադառնալ այն արդյունքների վրա, որոնք ՀՀ-ն ունի ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ։ Ռուսաստանը վերջին տարիներին ակտիվորեն ներկայացրել է այն ցուցանիշները, օգուտները, որոնք ՀՀ-ն ստանում է ԵԱՏՄ-ում։
Վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններում եղել են քաղաքական լուրջ խնդիրներ, սակայն տնտեսությունը, առևտրատնտեսական հարաբերությունները, ՀՀ շահույթը եղել է այս հարաբերությունների անփոփոխ բաղադրիչը։ ՀՀ-ն սառեցրեց անդամակցությունը ՀԱՊԿ-ին, պակասեցրեց շփումները քաղաքական մակարդակում, սակայն ԵԱՏՄ-ում ակտիվ մասնակցությունը պահպանեց։
Սակայն այսօր էլ անհնար է ԵԱՏՄ-ն համադրել ԵՄ-ի հետ, այս հայտարարությունները հենց այդ մասին են, դրանք միմյանց այնքան հակասող կազմակերպություններ են, որ այն երկիրը, որն ունի որոշում՝ ընթանալ ԵՄ անդամակցության ուղղությամբ, չի կարող ԵԱՏՄ-ից ստանալ նույն օգուտը, քանի որ իր համակարգում սկսում է փոփոխություններ իրականացնել։ Երևանում սա շատ լավ են հասկանում, նաև հասկանում են, որ ԵՄ անդամակցությունը մոտ չէ, իսկ նույնիսկ անդամակցության դեպքում ԵՄ-ից օգուտը խիստ կասկածելի է, ուստի ԵԱՏՄ-ն լքելու մասին չեն խոսում»,- ասաց Արեշևը։
Քաղաքագետը գտնում է, որ Ռուսաստանից հնչող այս հայտարարություններում կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բաղադրիչ ու նպատակ։
«Պետք է հասկանալ, որ տնտեսությունն անհնար է տարանջատել քաղաքականությունից, անհնար է հարաբերություններում ընտրել միայն այն, ինչ հարկավոր է, հարաբերությունները համակարգ են, դրանք փոխկապակցված են, ու եթե ՀՀ-ն գնում է ԵՄ, ապա թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ իրողություններից ելնելով՝ ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցությունը չի կարող ունենալ այն նույն արդյունավետությունը, ինչ նախկինում։ Թեև պետք է նաև նշել, որ Ռուսաստանը ներկայումս այս հարաբերությունները դիտարկում է փոխշահավետության սկզբունքից ելնելով և քաղաքական խնդիրներն առավելապես անտեսում է՝ կենտրոնանալով այլ հարցերի վրա։
Իսկ ՌԴ փոխվարչապետը պարզապես նշում է, թե ինչ պետք է սպասել նման քաղաքականության դեպքում։ Սա փոխվարչապետի աշխատակազմն անում է այս թեմայի շրջանառության հենց սկզբից ու սա ազնիվ մոտեցում է»,- ասաց Արեշևը։
Ինչ վերաբերում է ՇՀԿ-ին անդամակցելու ՀՀ-ի հայտին, ապա, նա գտնում է, որ եթե ԵՄ-ին ՀՀ անդամակցության հնարավորություն ու հեռանկար լիներ, ՀՀ իշխանությունները կընթանային հենց այդ ճանապարհով։