Փաշինյանի խաղադրույքը՝ հայ ժողովրդի անվտանգության վրա. տավուշյան ավանտյուրայից հետո նույն քաջնազարությունն անում է տնտեսության մեջ. Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Միշտ ասել եմ՝ Վահագն Խաչատ(ու)րյանին նախագահի պաշտոնին նշանակելը եղել է Նիկոլ Փաշինյանի սպեցօպերացիան, որի նպատակը եղել է այն, որ իր կապիտուլյացիան ներկայացնի՝ որպես Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագրի իրագործում։
  • Նիկոլ Փաշինյանը մեզ ներքաշեց մի պատերազմի մեջ, որում մենք հաղթելու ոչ մի շանս չունեինք։ Տվեցինք 5000 զոհեր, վերջում էլ Ղարաբաղն ամբողջությամբ հանձնեց։ Ու Նիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատ(ու)րյանով փորձում է իրեն մաքրել, որովհետև վերջինս մարդկանց ընկալումների մեջ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից է ընկալվում։
  • Վահագն Խաչատրյանը շատ անպարկեշտ բաներ է անում։ Վերջերս հայկական դրամի 30-ամյակի միջոցառմանը նա հայտարարեց՝ երբ մենք մտցնում էինք դրամը, հույս էլ չունեինք, որ այն կաշխատի… Իրականում նա ոչ միայն որևէ կապ չի ունեցել այդ գործընթացի հետ, այլև բացահայտորեն ստում է։ Դրամը ներմուծելիս մենք այն որպես ազգային արժույթ ենք ստեղծել ու երկարաժամկետ, վստահ էինք, որ այն հաջողություն է ունենալու տնտեսության զարգացման համար։
  • Ղարաբաղյան խնդրից Վահագն Խաչատրյանը ոչինչ չի հասկանում, ինչպես չի հասկանում Նիկոլ Փաշինյանը։ Թեպետ նա, իհարկե, տնտեսությունից էլ է տկլոր։
  • Նիկոլ Փաշինյանի պահվածքն անօգնական, անվստահ մարդու պահվածք է։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և եթե անգամ, որպես երկիր, ունես շատ լուրջ խնդիրներ այդ կազմակերպության հետ, դու ունես ֆորմալ և ոչ ֆորմալ լծակներ, կարող ես գնալ այնտեղ, ազդել որոշումների վրա։ Ու դու փոխանակ այդ լծակներն օգտագործես, գնաս, բանավիճես, ինչպես կաներ նորմալ քաղաքական ու պետական գործիչը, դու ինչ-որ անհասկանալի բոյկոտների մեջ ես։ Կամ ՀԱՊԿ-ից դուրս արի, կամ գնա, լծակներդ օգտագործիր։ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկը, ոչ մյուսը չի անում։
  • «Սուտի արևմտամետները» ոչ Արևմուտքից են բան հասկանում, ոչ եվրոպական արժեքներից։ Օրերս նրանցից մեկը հարցազրույցներից մեկում օգտագործում էր «սպիտակ մարդիկ» ձևակերպումը, որը կատարյալ ռասիզմ է ու մերժվում է Արևմուտքի կողմից։ Այդ մարդկանց Հայաստանի ճակատագիրը հետաքրքիր չէ։ Այդ шушера-ն զբաղված է նրանով, որ Արևմուտքի հետ կապված կեղծ սպասումներ է առաջացնում մեր հասարակության մեջ, մինչդեռ Արևմուտքն անկեղծ է, երբեք չի ասել, թե գալու են և մեզ փրկելու են։
  • Քիչ է մնում՝ արդեն Լիխտենշտեյնի ու Անդորայի հետ բանակցեն… բայց այս ամենի մեջ կարևոր հարցը հետևյալն է՝ Արևմուտքը ցանկանո՞ւմ է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնա։ Ես միանշանակ ասում եմ՝ նախ ակնհայտ է, որ նրանք ոչ մի մտադրություն չունեն։ Բացի դրանից, ԱՄՆ-ը ասել է, որ ռազմական օգնություն մեզ ցույց չի տալու։ Սակայն նույնիսկ դա չէ գլխավոր հարցը, այլ այն, թե արդյո՞ք, օրինակ, Ֆրանսիայի տված ռազմական օգնությունը կարող է Ադրբեջանի հետ մեր ռազմական բալանսը շրջել մեր օգտին։ Իհարկե՝ ոչ:

Կարդացեք նաև

  • Գլխավոր խնդիրը, որ ի դեմս Փաշինյանի՝ փորձում է լուծել Հայաստանը, այն է, թե ինչով փոխարինել Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որն, ըստ էության, զինադադարի փաստաթուղթ էր։ Եվ Հայաստանը, և Ռուսաստանը, և Ադրբեջանը խախտել են այդ փաստաթղթի պայմանավորվածությունները: Ադրբեջանը խախտել է այդ փաստաթուղթը, բայց միգուցե դրա համար թրիգեր է հանդիսացել Հայաստանի խախտումը՝ իր տված խոստումները չկատարելով։ Ռուսաստանը ևս խախտել է։ Հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարում, որ դուրս է գալիս Նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունից։ Ի դեպ, սա միակ բանն է, որ նա ճիշտ է արել։ Դուրս չի գալիս, որովհետև եթե Հայաստանը միակողմանիորեն դուրս գա այդ փաստաթղթից, դա կնշանակի, որ Հայաստանը միակողմանիորեն դուրս է գալիս զինադադարի համաձայնությունից, ինչը Ադրբեջանին կտա պատերազմ սկսելու պատրվակ։ Դրա համար է նա Ալիևին տանում Գրանադա, այստեղ-այնտեղ՝ հույս ունենալով փաստաթուղթ ստորագրել։ Ալիևը հասկանում է դա ու չի գնում։
  • Թուրքիան տապալել է թուրք-հայկական մերձեցումը՝ այդ մերձեցումը տեսնելով հայ-ադրբեջանական կարգավորման տրամաբանության մեջ։
  • Այսօր աշխարհի մեծերն ու փոքրերն իրենց հետագա քայլերը կապում են երկու պատերազմի զարգացման հետ՝ ռուս-ուկրաինական և Իսրայելի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի։ Ադրբեջանը հաշվարկներ է անում։ Դրանով է պայմանավորված ներկայիս փխրուն խաղաղությունը մեր տարածաշրջանում, և այն, որ նա գտնվում է բնական սպասողական վիճակի մեջ։ Շատ հավանական է դառնում Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում, որը բերելու է նոր իրավիճակի։ Այս դեպքում ամենավտանգավորը մեզ համար լինելու է այս իշխանության հակառուսականությունը։ Նիկոլ Փաշինյանը խաղադրույք է դրել հայ ժողովրդի անվտանգության վրա։ Բայց նա անձամբ այս խաղում չի պարտվելու. պարտվելու և վճարելու է Հայաստանը, հայ ժողովուրդը։ Ինքն այդպիսով նահանջի հնարավորություն կունենա։ Այդ հնարավորությունը նրան կտա Արևմուտքը։ Այս ավետալի խաղն անձամբ Նիկոլ Փաշինյանի համար պարտություն չունի. մեր պետությունն է վտանգվելու: Հայաստանի բախտն է դրված նժարին։
  • Մեր միակ հնարավորությունը Հայաստանի բալանսավորված արտաքին քաղաքականությունն է։
  • Այն, ինչ Ռուսաստանի հետ անում է Նիկոլ Փաշինյանը, թշնամություն է։ Սա մանկապարտեզ էլ չի, այլ տխմարություն։ Նա մտածում է որ Պուտինին ապտակներ հասցնելով՝ կարող է շահել Արևմուտքի աջակցությունը։
  • Նիկոլ Փաշինյանի ելույթները լսելը վնասակար է մարդու առողջության, այդ թվում՝ մենթալ՝ հոգեկան առողջության համար։
  • Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ունեն լեգիտիմության լուրջ խնդիր։ Փաստ է, որ երևանցիներն ընդամենը 9 տոկոս աջակցություն են ցույց տվել նրանց։ Իսկ թե հետո ինչ հնարքներով ստացան Երևանի քաղաքապետի աթոռը, էական չէ։
  • Վիճվարչությունը 9.2% տնտեսական աճ է ցույց տալիս։ Մեծ թիվ է, բայց չեն ասում, որ այս կառավարությունը ոչ մի կապ չունի դրա հետ։ Այդ ակտիվությունն առաջացել է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, երբ այդ պատերազմի հետևանքով ամենաորակյալ հատվածը՝ ծրագրավորողներ, և այլն, եկել է Հայաստան։ Ներդրումներ են բերել, նրանց շնորհիվ տուրիստական, տնտեսական ակտիվություն կա երկրում։ Տնտեսական աճի այդ բարձր թիվը դրա արդյունքն է, ոչ թե այս կառավարության աշխատանքի։
  • Այն, որ հիմա ռուս ռելոկանտները հեռանում են Հայաստանից, հետևանք է նրա, որ ՀՀ կառավարությունը չի հասկանում՝ ինչ կարելի էր անել, որ այս մարդիկ չգնային։ Նրանք չհասկացան՝ ինչ նվեր են ստացել՝ ի դեմս ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում մեր երկիր եկած ռուս ռելոկանտների։ 
  • Ինչպես Տավուշյան մարտերում Նիկոլ Փաշինյանը դարձավ ռազմական Քաջ Նազար, ավանտյուրայի գնաց, որը տեսանք՝ ինչի հանգեցրեց, այնպես էլ հիմա դարձել է տնտեսական Քաջ Նազար։

  • Ռուս ռելոկանտների՝ Հայաստանից հեռանալը պայթեցնելու է մեր տնտեսությունը։ 
  • Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը տխմար խաղ են խաղում, որի վերջը չի երևում։ Փաշինյանը հայտնվել է փակուղում։ Նա հիմա պարտված վիճակում է։ Դու՝ որպես ղեկավար, տվել ես քո ազգային մեծ հարստությունը՝ Ղարաբաղը, Հայաստանից տարածքներ, փոխարենը խոստացել ես թվացյալ, կեղծ խաղաղություն, այսինքն՝ խաղաղություն էլ չես ստացել։ 
  • Իսկ միգուցե հանուն Զանգեզուրի գրավման Ադրբեջանը պատրա՞ստ է մտնել ամերիկյան սանկցիաների տակ։ 
  • Ի դեմս Արևմուտքի՝ Նիկոլ Փաշինյանի վարած «տղա բերելու» քաղաքականությունն ինքը համարում է փրկօղակ։ Փաշինյանը շարունակելու է տղա բերելու քաղաքականությունը։ Փորձում են արևմտյան տղաներից ընտրել այն մեկին, որը հաճո է Ալիևի քիմքին։ Այս դեպքում միգուցե Մեծ Բրիտանիան նկատի ունեն, որին ներկայացնում են՝ որպես հնարավոր դերակատար Հայաստան-Ադրբեջան բանակցություններում:
  • Չլինելով ստրատեգ, գիգանտ՝ Ալիևը դառնում է գիգանտ՝ համեմատվելով այս տկարի հետ։
  • Նրանք, ովքեր մտածում են՝ Փաշինյանը կգնա ընտրություններով, կասկածի տակ են դնում նրա իշխանատենչությունը։ Փաշինյանի համար իշխանությունը նարկոտիկ է։ Այն կորցնելով՝ նա կընկնի լոմկայի մեջ։ Այնպես որ, ես դա բացառում եմ, որ նա ընտրություններով կգնա: 
  • Արտահերթ ընտրությունների գնալով՝ Նիկոլ Փաշինյանը կփորձի իր վրայից կապիտուլյացիայի գնալու պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա։ Դա կլինի միակ մոտիվացիան, որը նրան կտանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս