Զանգեր Երևան ու Բաքու․ ի՞նչ խնդիր է լուծում Պետքարտուղար Բլինքենը
Ադրբեջանաամերիկյան հարաբերություններում սառնության և Հայաստան-Ադրբեջան գործընթացում ԱՄՆ դիրքերի թուլացման ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը նշել է, որ «Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ վերջերս ձեռնարկած քայլերը և հայտարարությունները լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին»։
Ալիևը հայտնել է, որ՝ «ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի 2023թ. նոյեմբերի 15-ին հայտնած կարծիքները Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի Եվրոպայի ենթահանձնաժողովի լսումներում կողմնակալ են, չեն արտացոլում իրականությունը և մերժվել են Ադրբեջանի կողմից»։
Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմն ուշադրություն է դարձրել ԱՄՆ հայտարարությանը երկկողմ հանդիպումների և բարձր մակարդակով շփումների չեղարկման և այն մասին, որ «մեր երկկողմ կապերը չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին նախկինում էին»։
Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ այս առնչությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 16-ին հանդես է եկել հայտարարությամբ, նշվել է, որ ադրբեջանական կողմը, իր հերթին, չեղարկել է բարձրամակարդակ այցելություններն ԱՄՆ-ից։
Պետքարտուղար Բլինքենը խնդրել է թույլ տալ դեկտեմբերին Ադրբեջան այցելել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենին՝ հարաբերությունների կարգավորման նպատակով։ Նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է այս առաջարկին՝ մեկ պայմանով, որ «այդ այցից հետո կհանվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց ԱՄՆ այցելությունների չհիմնավորված արգելքը»։
Պետքարտուղար Բլինքենն ընդունել է դա։
«Բացի այդ, նշվել է, որ Հայաստանին խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի 2023թ. սեպտեմբերի 11-ին ներկայացրած առաջարկներին Հայաստանը պատասխանել է նոյեմբերի 21-ին։ Այսպիսով, Հայաստանն իր պատասխանն ուշացրել է 70 օր։ 70-օրյա ուշացումը մեկ անգամ ևս ցուցադրում է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստն օգտագործում է որպես պատրվակ՝ բանակցային գործընթացը ձգձգելու համար։
Բանակցությունների ընթացքում կողմերը նաև կարծիքներ են փոխանակել սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպման մասին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին»,- մեջբերել է ԶԼՄ-ն։
ՀՀ կառավարության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: «Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը»,- ասված էր հաղորդագրությունում։
Շաբաթներ առաջ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենն ասել էր, թե ԱՄՆ-ը հստակ ասել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ «Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել», – ասել էր պետքարտուղարի օգնականը։ «Բաքուն հիմա ուժի դիրքերից է խոսում բանակցություններում, սակայն, նույնիսկ հաղթող կողմը պետք է իմանա՝ երբ է պետք կանգ առնել և գործարք կնքել՝ առավել շահավետ առաջարկի սպասելու փոխարեն»,- հայտարարել էր պետքարտուղարի օգնականը։
Այդ ուղերձն Ալիևին փոխանցելու համար, ըստ Օ՛Բրայենի, միջնորդներն այժմ Թուրքիայի հետ են նաև աշխատում։
«Մենք փորձում ենք ճանապարհ հարթել, որը հստակ ցույց է տալիս՝ ինչ առավելություններ կլինեն խաղաղության գնալիս, և, թե ինչ գին պետք կլինի վճարել դրանից խուսափելու դեպքում»,- ասել էր բարձրաստիճան դիվանագետը, ում վերոնշյալ խոսքերը մեծ աղմուկ առաջացրին Բաքվում, և Բաքուն մի շարք սուր հայտարարություններով հանդես եկավ՝ ուղղված ԱՄՆ-ից, իսկ Վաշինգտոնում այս ամիս նախատեսվող Միրզոյան-Բայրամով բանակցությունները չեղարկվեցին Բաքվի կողմից այդ պատճառով։ Եվ, փաստորեն, այս ամենից հետո պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ նախաձեռնեց Փաշինյանի և Ալիևի հետ։
Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Բլինքենի զանգերը Երևան և Բաքու նպատակ ունեն վերականգնել Վաշինգտոնի դերը բանակցային գործընթացում, որի առաջին խոչընդոտը Բաքվի դժգոհությունն է Վաշինգտոնի հայտարարություններից։
Ըստ նրա, սա դրական քայլ է, հաշվի առնելով բանակցային վտանգավոր այն դադարը, որը առաջացել է կողմերի միջև։
«Վտանգավոր է ոչ միայն այն, որ կողմերը չեն բանակցում և ունեն տարաձայնություններ, այլև այն, որ արևմտյան առանցքային երկրներից մեկը՝ ԱՄՆ-ը, խնդիր ունի հակամարտող կողմերից մեկի հետ, ինչը վտանգի տակ է դնում Արևմուտքի կողմից առաջ մղվող ողջ գործընթացը, խոսքը նաև Եվրոպական միության մասին է։ Բոլորի համար ակնհայտ է, որ ԵՄ-ի միջնորդությունը եղել է համաձայնեցված ԱՄՆ-ի հետ, և Արևմուտքն այս ուղղությամբ գործում է միասնական։ Ուստի ԱՄՆ-ի հետ խնդիրը կարող է տարածվել ԵՄ-ի վրա։ Օրինակ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի դեպքում ազդեցությունն այնքան չի կարող լինել, որքան Միացյալ Նահանգների դեպքում, որը առանցքային միջնորդ է»,- ասաց վերլուծաբանը։
Նրա խոսքով, բարդ է կանխատեսել, թե որքանով Միացյալ Նահանգներին կհաջողվի կարգավորել հարաբերությունները, քանի որ, բացի ԱՄՆ հայտարարություններից, Ադրբեջանը հրաժարվեց մեկնել Գրանադա, ապա՝ Բրյուսել։
«Սա նշանակում է, որ Ադրբեջանն այս փուլում նպատակահարմար չի համարում բանակցել Արևմուտքում։ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար արվեցին որոշ զսպող դիվանագիտական հայտարարություններ ԱՄՆ-ի կողմից, սակայն հակառակ ազդեցություն ունեցան այդ հայտարարությունները, ուստի որոշվեց վերադառնալ փափուկ դիվանագիտության դաշտ, կօգտագործվի հարակից այլ խողովակներ, այդ թվում՝ թուրքականը»,- ասաց վերլուծաբանը։
Նա նաև նկատեց, որ Ռուսաստանը, որպես միջնորդ, շարունակում է լռել, այնինչ թվում էր, թե ՌԴ-ն կգրավի նախաձեռնությունը և հանդիպում կկազմակերպի։
«Տեսնում ենք, որ ՌԴ-ն ընդհանրապես անտարբերություն է ցուցաբերում գործընթացի նկատմամբ՝ կարծես նախաձեռնությունը լիովին զիջելով Արևմուտքին։ ՌԴ-ն հասկանում է, որ շատ հարցեր համաձայնեցված են, ու կողմերը ցանկանում են վերջին հարցերի համաձայնեցումից հետո ստորագրել համաձայնագիր, ինչը չի բխում ՌԴ շահերից։ ՌԴ-ն կցանկանար, որպեսզի հակամարտությունը պահպանվեր, և հետագայում ՌԴ-ն կամ ռեգիոնալ տերությունները զբաղվեին դրա կարգավորմամբ՝ Իրանը, Թուրքիան։
Եթե համաձայնագիրը ստորագրվի, սահմանները բացվեն, ՀՀ-ում ՌԴ ներկայության անհրաժեշտությունը լիովին կվերանա։ ՀՀ-ն, ամենայն հավանականությամբ, այս ճանապարհով է գնում, այդ պատճառով ՌԴ-ն սերտացնում է կապերն Ադրբեջանի հետ»,- ասաց վերլուծաբանը։
Փորձագետը գտնում է, որ ԱՄՆ-ը գործընթացի նկատմամբ լուրջ հետևողականություն է ցուցադրում և փորձելու է Վաշինգտոնում հանդիպում կազմակերպել, հենց դրա համար են նախաձեռնվում այս քայլերը։
«Արևմուտքում կարծում են, որ այս պահը կարող են կորցնել, ու դա կարող է լինել մեծ կորուստ հետագա զարգացումների տեսանկյունից»,- ասաց նա։