Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները հապաղում աշխարհաքաղաքական շրջադարձի հարցում

Արևմտյան որոշ երկրներ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ և տարածաշրջանում բացահայտ պայքարում են Ռուսաստանի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Երևի 3, 4, 5 տարի առաջ նման պայքարը տարվում էր դիվանագիտական դիմակների ներքո։ Այժմ այդ դիմակները վաղուց արդեն գցված են, և պայքարը մղվում է դեմ առ դեմ՝ բաց երեսով»,- լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները «ռուս խաղաղապահներին, զինվորականներին տարածաշրջանից վտարելու, Ռուսաստանի և Հայաստանի կապերը խզելու ուղղությամբ նպատակների մասին»։

«Իրոք, մի շարք երկրներ դեռևս փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչը, ի դեպ, հանգեցրեց նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ այդ երկրները դժվար թե հավակնեն միջնորդի որևէ դերի, քանի որ իրենք միակողմանի դիրքորոշում են որդեգրել: Եվ, իհարկե, նման միակողմանի դիրքորոշում ունենալով՝ ինչ-որ բան պնդելը և՛ անհնար է, և՛ անտեղի»,- եզրափակել է Պեսկովը։

Նրա խոսքով, արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանի Դաշնությունը դուրս մղել Ղարաբաղից, սակայն ոչ ոք չի կարող հանդես գալ՝ որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության նույնպիսի երաշխավոր։

Կարդացեք նաև

«Այն, որ մեզ փորձում են դուրս մղել այնտեղից, այո, մենք դա գիտենք, բայց մինչ այժմ ոչ ոք չի կարող տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավոր լինել, բացի Ռուսաստանից, և Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Ուկրաինայում կենտրոնացած, սակայն շատ ավելի գլոբալ բնույթ ունեցող Արևմուտք-ՌԴ աշխարհաքաղաքական առճակատումը տեղափոխվել է հնարավոր բոլոր տարածաշրջաններ։

Ըստ նրա, բնականաբար, այդ առճակատումը պետք է ավելի սուր բնույթ ստանար այն տարածաշրջաններում, որտեղ կա ակտիվ փուլում գտնվող հակամարտություն, ՌԴ ներկայություն և արևմտյան շահեր։

«Այդ տեսանկյունից Հարավային Կովկասն ու Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող իրադարձությունները յուրօրինակ դաշտ դարձան Արևմուտքի գործունեության համար։ ՌԴ ղեկավարությունը ճիշտ է ձևակերպում խնդիրը, Արևմուտքի խնդիրը ոչ թե անվտանգություն ապահովելն է, այլ Ռուսաստանին դուրս մղելը, որն այդտեղ ունի երկարամյա ներկայություն։ Բնական է, չէ՞, որ աշխարհաքաղաքական նման փոփոխությունը չի կարող նման անկայուն ռեգիոնում ապակայունացում չառաջացնել։ Եվ դրա ականատեսն ենք, երբ բանակցությունները նաև այդ պատճառով չեղարկվում են, մթնոլորտը թեժանում է»,- նկատեց Արեշևը։ Բնականաբար, սա, նրա խոսքով, առանց ռեգիոնալ երկրների իշխանությունների համապատասխան քաղաքական ազդակների տեղի չի ունենում։

«Հարավային Կովկասում այսօր տրամադրությունները տարբեր են, ՀՀ իշխանությունները ներկայումս դիրքավորվել են Արևմուտքի ուղղությամբ՝ հույսեր կապելով արևմտյան դիտորդների հետ։ Սակայն թվում է նաև, որ վերջնական քայլ անելու հարցում ՀՀ իշխանությունները հապաղում են, և նրանց ինչ-որ հանգամանքներ ետ են պահում այդ քայլից։

Ըստ իս, դա տնտեսությունն է, տնտեսական արտոնությունները, որոնք ՀՀ-ն ստանում է Ռուսաստանի հետ հարաբերություններից։ ՌԴ-ում սա հասկանում են ու նույնիսկ խոսում այդ մասին, որ ՀՀ-ն մեծ օգուտներ է ստանում, և նաև հասկանում են, որ նման օգուտներ ՀՀ-ն որևէ տեղից չի ստանա, խոսքը միայն տնտեսության մասին է։ Մենք սովոր ենք քաղաքականության մասին դատել հայտարարություններով, բայց հայտարարությունները շատ են տարբերվում իրական քաղաքականությունից, որի հիմքում շահերն են, հնարավորությունները և այլն։ Եվ հիմա ստացվում է, որ ՀՀ իշխանությունները քաղաքականապես դիրքավորվել են դեպի Արևմուտք, սակայն շրջադարձ կատարելու հարցում վստահ չեն, քանի որ Արևմուտքը բավարար ռեսուրս չի տրամադրում, խոսքը և անվտանգության, և տնտեսության մասին է։ Իսկ արմատական քայլը ենթադրում է Հայաստանի ելք ոչ միայն ՀԱՊԿ-ից, այլև մնացած այլ կառույցներից, այդ թվում՝ ԵԱՏՄ-ից, իսկ դա չի բխում այս պահին ՀՀ շահերից։ Ինչպես տեսնում ենք, քննադատություն ԵԱՏՄ-ի հասցեին չկա, դա պատահական չէ»,- ասաց Արեշևը։

Ուստի նա գտնում է, որ այս հռետորաբանությունը դեռ երկար կշարունակվի՝ առանց այլ արմատական քայլերի։ Իրերի այս դրությունը, նրա խոսքով, գուցե ձեռնտու լինի թեմայում ներգրավված բոլոր կենտրոններին և երկրներին, սակայն սա, միևնույն ժամանակ, ազատում է կենտրոններին հավելյալ պատասխանատվությունից ամենակարևոր ոլորտներում։

Արեշևը համամիտ է ՀԱՊԿ նախկին քարտուղար Բորդյուժայի այն մտքին, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը քաղաքական սխալ կլինի ՀՀ իշխանությունների կողմից, քանի որ գուցե ՀԱՊԿ-ն ունեցել է սխալներ, ՀԱՊԿ-ում կան թերություններ, սակայն այդ բացը ՌԴ-ն լրացրել է իր հնարավորությունների սահմաններում, իսկ Արևմուտքը դա չի անելու։

«Այնպես չէ, որ Արևմուտքը չէր կարող աջակցել Հայաստանին ավելի վաղ ևս, և անպայմանորեն հարկավոր էր, որպեսզի Հայաստանը լքեր ՀԱՊԿ-ը կամ ներկայումս չի լքել, սակայն Ֆրանսիան ինչ-որ տեխնիկա մատակարարում է։ Այդպես է այսօր, քանի որ Արևմուտքի շահերն են այդպես թելադրում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս