Իսրայելի բանակը հայտնել է, որ մինչև հրադադարը ոչնչացրել է «Աշ Շիֆա» հիվանդանոցի շրջանում գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելները
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ նախքան Գազայի հատվածում հրադադարի համաձայնության ուժի մեջ մտնելը ոչնչացրել է «Աշ Շիֆա» հիվանդանոցի շրջակայքում հայտնաբերված թունելներն ու հորանները։ ԻՊԲ-ի հայտարարության մեջ նաև նշված է, որ վերջին 24 ժամվա ընթացքում բանակի ցամաքային, օդային և ծովային ուժերը շարունակել են հարվածել ՀԱՄԱՍ-ի թիրախներին։
«Այսօր ավելի վաղ Իսրայելի բանակի զորքերը ոչնչացրել են մի շարք ստորգետնյա թունելներ և թունելային հորաններ «Աշ Շիֆա» հիվանդանոցի շրջանում», – ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիhայ Էդրին հայտնել է, որ Գազայի հատվածի հյուսիսային շրջաններն առաջվա նման մարտական գործողությունների գոտի են, ուստի խաղաղ բնակիչները պետք է հրադադարի ժամանակ գտնվեն անկլավի հարավում:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև տեղի ժամանակով ժամը 7։00-ից ուժի մեջ է մտել քառօրյա հրադադարը։ Նոյեմբերի 24-ին ազատ կարձակվեն Գազայում պատանդ պահվող իսրայելցի 13 կանայք և երեխաներ, իսկ դրա դիմաց Իսրայելն ազատ կարձակի բանտարկված 39 պաղեստինցիների։ Նաև Գազայի հատված կմտնի հումանիտար օգնություն և վառելիք։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ հրադադարից հետո մարտերը կշարունակվեն․ ըստ նախարարի՝ ռազմական գործողություններն առնվազն ևս 2 ամիս կտևեն։