Այս փուլում մեր օրակարգում Գյումրու ռուսական ռազմաբազան հանելու, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Մնացական Սաֆարյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև աշխատանքային հարաբերություններ են և, բնականաբար, որոշ հարցերի շուրջ կան տարաձայնություններ։
«Շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»,- նշեց փոխարտգործնախարարը։
Ինչ վերաբերում է Գյումրուց ռուսական ռազմաբազան հանելու, ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ խոսակցություններին, Մնացական Սաֆարյանը կարճ պատասխան տվեց.
«Այս փուլում, այս պահին մեր օրակարգում նման հարցեր չկան»։
Խոսելով Ադրբեջանի պահանջների, մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Մանացական Սաֆարյանը պատասխանելով հարցին, թե այդ թեման արդեն փա՞կ է, քանի որ այլընտրանք է առաջարկվում Իրանի տարածքով, ասաց.
«Այս հարցում ՝ՀՀ մոտեցումները բազմիցս նշվել են։ Վարչապետի կողմից ներկայացված «խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում շատ հստակ տրվել են բոլոր այն մոտեցումները տարածաշրջանի տնտեսական և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման կապակցությամբ, դա պետք է կատարվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքների հիման վրա»,- հավելեց նա։
Արտաքին գերատեսչության պաշտոնյան նաև ընդգծեց, որ ՀՀ արտգործնախարարության կողմից Արցախի Հանրապետությունում տեղի ունեցածին տրվել է գնահատական, որ տեղի է ունեցել էթնիկ զտում՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում։
«Միջազգային գործընկերների հետ այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ, հարցն օրակարգում է և, բնականաբար, բանակցությունների արդյունքում դրան այս կամ այն կերպ անդրադարձ անպայման կատարվելու է։
Օրակարգում հետևյալ հարցն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանման, վերադարձի հարցերի կապակցությամբ»,- եզրափակեց փոխարտգործնախարարը։