Պարտադրում են մեքենաները թանկ վաճառենք՝ կռախի առաջ ենք. ավտոներկրողները դեմ են փոփոխություններին

Պարտադրում են մեքենաները թանկ վաճառենք՝ կրախի առաջ ենք. ավտոներկրողները դեմ են փոփոխություններին

Ազգային ժողովի ընդունած Հարկային օրենսգրքում նոր փոփոխությունները խնդիրներ են ստեղծել ավտոներկրողների համար։ Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որով շահութահարկ է սահմանվում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Նրանց մի մասն այսօր հավաքվել էր Կառավարության շենքի մոտ, պահանջում էր կա՛մ վերանայել այդ փոփոխությունները, կա՛մ 6 ամսով հետաձգել օրենքի կիրառությունը։

«American global group Armenia» ընկերության ղեկավար Վարդան Օնանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարկային նոր փոփոխություններին և ավտոներկրողների վրա դրա հետևանքներին, ասաց՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ից ներկրված մեքենաներն ավելի էժան են, քան Հայաստանի շուկայում։ Այդ պատճառով էլ բազմաթիվ մարդիկ նախընտրում են մոտ 3 ամիս սպասել և ԱՄՆ-ից բերված էժան մեքենա գնել, քան թանկ գնով ձեռք բերել Հայաստանի ավտոշուկայից։

«Մեր նման ընկերությունները նախնական պայմանագիր են կնքում հաճախորդների հետ, որտեղ փաստացի արձանագրվում է վաճառքի գինը՝ համաձայն գործող օրենքների, կարգերի ու հարկերի։ Այն մեքենաները, որոնք դուրս են գալիս աճուրդներից, պարզ տեսնում են նաև մեր ՊԵԿ-ում, և մեքենաների մաքսազերծումն էլ, բնականաբար, այդ թվով է կատարվում։ Մեքենա ներկրողն ու վաճառողն ինքն է որոշում իր եկամտի չափը։

Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԱԺ-ի որոշմամբ պարտադրվում է մեզ՝ ավտոներկրող ընկերություններին, ունենալ նվազագույնը 20 տոկոս եկամուտ և, բնականաբար, հարկերն էլ տալ այդ 20 տոկոսից։ Վերջին 10 տարվա իմ փորձը ցույց է տալիս, որ որևէ գործարք չի եղել, որտեղ տնտեսվարողը մեկ մեքենայի իրացումից ունենա 20 տոկոս եկամուտ»,- նշեց Վարդան Օնանյանը։

Ըստ ընկերության ղեկավարի՝ կատարված փոփոխությունը մեծ դժվարությունների առջև է կանգնեցնում ավտոներկրող ընկերությունների զգալի մասին, որոնցից, իր տեղեկություններով՝ շուրջ 6 տասնյակը 2022 թվականին Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում էին: Ապա Վարդան Օնանյանը խնդիրը պարզաբանեց օրինակներով, այսպես, եթե տոնածառ ներկրողը կարող է տոնածառը բերել 10 դրամով և վաճառել 11 դրամով, որևէ մեկն իրավունք չունի նրան պարտադրել, որ վաճառի 12 դրամով։

Նրա խոսքով՝ օրենքի փոփոխություններում հատուկ նշված է, որ ի տարբերություն պաշտոնական դիլերներ կամ դիստրիբյուտորներ համարվողների, ավտոներկրողները պարտադիր պետք է 1/2 գործակիցը կիրառեն, այսինքն՝ ինչ-ինչ մակնիշի մեքենա ներկրող պաշտոնական դիստրիբյուտորներ կարող են ունենալ 1 տոկոս եկամուտ, իսկ ավտոներկրողներին պարտադրում են ունենալ անպայման 20 տոկոս եկամուտ և հարկերը վճարել հենց այդ եկամուտից։

«Ամենատարօրինակն այն է, որ օրենքը կիրառվելու է դեկտեմբերի 1-ից, այն պարագայում, որ մեկ մեքենա գնելը ԱՄՆ-ից, ապա Հայաստան հասցնելը տևում է առնվազն 3 ամիս։ Մենք ունենք նախնական կնքված պայմանագրեր, որտեղ արձանագրված է արդեն վաճառքի գինը և մեր նման ընկերությունների եկամուտը։ Մեզ պարտադրում են հաճախորդին ասել, որ՝ դու այս ավտոմեքենան պետք է գնես, պայմանական ասենք՝ ոչ թե 10, այլ 12 դրամով։ Սա փաստացի մեզ դժվարությունների առջև է կանգնեցնելու, կռախի առաջ է կանգնեցնելու։ Թողեք, թող մարդիկ աշխատեն, մանր ու միջին բիզնեսը թող որևէ խոչընդոտ չունենա, և ինքը որոշի, թե ինչպես է աշխատելու»,- շեշտեց Վարդան Օնանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս