Բաժիններ՝

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են հասել 4-օրյա հրադադարի, պատանդների և բանտարկյալների փոխանակման շուրջ

Իսրայելի կառավարությունը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը համաձայնել են քառօրյա հրադադարի, որի ընթացքում Գազայում պահվող 50 պատանդներ կփոխանակվեն Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների հետ, ինչպես նաև պաշարված անկլավ կմտնի հումանիտար օգնություն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Կողմերի միջև բանակցություններում միջնորդ է եղել Կատարը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ 4 օրվա հրադադարի ընթացքում ազատ կարձակվեն 50 կանայք և երեխաներ. յուրաքանչյուր 10 պատանդի դիմաց հրադադարը կերկարաձգվի 1 օրով։ Նեթանյահուն, սակայն, չի նշել պատանդների դիմաց պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման մասին։

Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ 50 պատանդները կփոխանակվեն իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի 150 կանանց և երեխաների հետ։ Բացի այդ, հրադադարը թույլ կտա, որ Գազայի հատված մտնեն մարդասիրական ու բժշկական օգնությամբ և վառելիքով բեռնված հարյուրավոր բեռնատարներ։

ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ հրադադարի ընթացքում Իսրայելը պարտավորում է Գազայի որևէ հատվածում չհարձակվել որևէ մեկի վրա և չձերբակալել որևէ մեկին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է ձեռք բերված համաձայնությունը։

«Այսօրվա գործարքը պետք է տուն վերադարձնի լրացուցիչ ամերիկացի պատանդների, և ես կանգ չեմ առնի, մինչև նրանք բոլորն ազատ չարձակվեն», – գրել է Բայդենը։

Ի դեպ, հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ն ազատ էր արձակել ամերիկացի 2 պատանդների, որոնք ունեին ԱՄՆ-ի և Իսրայելի երկքաղաքացիություն։

Հրադադարի ուժի մեջ մտնելու ժամը կհայտարարվի առաջիկա ժամերի ընթացքում։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը շուրջ 1200 է, 240 մարդ գերեվարվել է։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված իսրայելցի զինծառայողների թիվը գերազանցել է 380-ը։

Իսկ իսրայելական գնդակոծությունների հետևանքով Գազայի հատվածում կա ավելի քան 13 300 զոհ, որոնցից 5600-ը երեխաներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս