Եմենի հութիները հայտարարել են Կարմիր ծովում իսրայելական նավ գրավելու մասին․ Իսրայելը մեղադրել է Իրանին
Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ Կարմիր ծովի հարավում իրենց վերահսկողության տակ են վերցրել բեռնանավ, որը, նրանց պնդմամբ, իսրայելական է։ Իսրայելը հերքել է այս պնդումները՝ մեղադրանքներ հնչեցնելով Իրանի հասցեին։
Al Jazeera-ն նշում է, որ Galaxy Leader նավի տախտակամածին կա շուրջ 25 մարդ։ Այն գրավել են Թուրքիայից Հնդկաստան մեկնելու ճանապարհին։ Ըստ տեղեկատվական բազաների՝ նավը մասամբ պատկանում է իսրայելցի մի գործարարի և նավարկում է Բահամների դրոշի ներքո։
Հութիների խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ նավի գրավումը տեղի է ունեցել՝ ի պատասխան «Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին մեր պաղեստինցի եղբայրների դեմ զազրելի գործողությունների»։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի մեկնարկից ի վեր հութիները մի քանի հարձակում են գործել Իսրայելի վրա հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Al Jazeera-ն հիշեցնում է, որ անցյալ շաբաթ հութիները, որոնք վայելում են Իրանի աջակցությունը, հայտարարել էին, որ կարող են Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդեբի նեղուցում թիրախավորել իսրայելական նավերը։ Յահյա Սարին կրկնել է այս նախազգուշացումը՝ ասելով, որ Իսրայելին պատկանող նավերը «օրինական թիրախ կդառնան հութի ուժերի համար»։
Այս առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նավի սեփականատերը բրիտանական ընկերություն է, իսկ նավը շահագործվում է Ճապոնիայի կողմից։ Ըստ հայտարարության՝ 25-հոգանոց անձնակազմը բաղկացած է տարբեր ազգության մարդկանցից, այդ թվում՝ ուկրաինացիներից, բուլղարացիներից, ֆիլիպինցիներից և մեքսիկացիներից, սակայն դրա տախտակամածին իսրայելցիներ չկան։
Նեթանյահուի գրասենյակում նշել են, թե նավի վրա հարձակումը «իրանական ահաբեկչության գործողություն է», և նավն առևանգվել է «Եմենի հութի աշխարհազորայինների կողմից՝ Իրանի ուղղորդմամբ»։
«Իսրայելը խստորեն դատապարտում է Իրանի հարձակումը միջազգային նավի վրա», – գրված է հայտարարությունում։