Պատմական թաղամասը չեն վերակառուցում, այն կամ պահպանում են, կամ չեն պահպանում. Սարհատ Պետրոսյանը՝ Կոնդի ճակատագրի մասին
Երևանի պատմամշակութային արժեք ներկայացվող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացքում է. ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից՝ հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ համայնքի նպատակը կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների սեփականության իրավունքի գրանցումն ու կառուցապատման ծրագիր իրագործելու ժամանակ կառուցապատողի, օտարողի հետ սեփականության իրավունքները խախտելու հնարավորության բացառումն է:
«Երկար սպասված այս նախագծի հիմքում դրված է մեկ նպատակ՝ պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը»,- գրել է Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
Իսկ հանրային տարբեր շրջանակներում մտահոգություններ կան, թե գուցե Կոնդի վերակառուցման հարցում իշխանությունների շտապողականությունը դարձյալ պայմանավորված է խաղաղության միակողմանի օրակարգերով, և այս վերակառուցման նախագծում փորձելու են «պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը» պահպանել նաև Կոնդում առկա այս կամ այն մահմեդական կոթողները վերականգնելով: Նշենք՝ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ իր քարոզչական կեղծիքի մեջ ներառել է Երևանի Կոնդ թաղամասը՝ կոչելով այն ադրբեջանական՝ արհեստածին «Թեփեբաշի» անունով:
Այս առնչությամբ 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը փոխանցեց. «Այս պահին որևիցե քննարկում այդ մասով չկա»:
Կոնդի վերակառուցման ծրագրի առնչությամբ 168.am-ը զրուցեց նաև Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ, ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի հետ:
– Ծանո՞թ եք արդյոք Կոնդի վերակառուցման նախագծին:
– Ձեր հարցը, որ բխում է ներկայումս քննարկվող նախագծի վերնագրից ու տարվող քաղաքականությունից, ի սկզբանե սխալ է։ Պատմական թաղամասը չեն վերակառուցում, այն կամ պահպանում են, կամ չեն պահպանում։ Վերակառուցումը, ենթադրում եմ, նշանակում է, որ չեն պահպանում։ Որպես Կոնդի պահպանության առաջին ջատագովներից մեկը՝ սկսած 2005 թվականից, բնականաբար, ծանոթ եմ թե մրցույթի փաթեթի, թե ներկայացված նախագծերի, ինչպես նաև երբևէ մշակված բոլոր նախագծերի հետ։ Միակ բանը, որ կարող եմ ասել, որ այս գործընթացը գնում է սխալ ուղղությամբ։
– Ի՞նչ եք կարծում՝ այս ծրագիրն այս անգամ կհաջողվի՞՝ հաշվի առնելով նախորդող մի քանի անհաջող փորձերը։
– Ես հույսով եմ, այս ծրագիրը չի հաջողվի, քանի որ այն, ինչպես նշեցի, կապ չունի Կոնդի պահպանության հետ։ Կոնդում ցանկանում են անել այն, ինչ արվել է Հյուսիսային պողոտայում կամ Ֆիրդուսի թաղամասում, ուղղակի հանրության ու «սիրողական» մասնագիտական շրջանակների խաթեր համար կատարվում է այս ձևական գործընթացը։ Այն ոչ միայն բոբիկ մասնագիտական գործընթաց է, այլ կան բազմաթիվ խախտումներ։ Առաջին փուլի ընթացքում հաղթել են 6 կազմակերպություններ, բայց հիմա դրանք դարձան 7-ը։ Կամ ինչպե՞ս կարող ես անել ճարտարապետական մրցույթ՝ առանց ունենալու հուշարձանների ցանկն ու պատշաճ քարտեզագրում։
– Մտահոգություններ կան, որ միտում ունեն վերականգնել նաև մահմեդական կոթողները, ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում՝ հաշվի առնելով իրականությունը, երբ ադրբեջանական քարոզչությունն ամենօրյա ռեժիմով խոսում է Կոնդի ադրբեջանական հետքերի մասին։
– Նախ հասկանանք՝ ինչ է նշանակում մահմեդական ժառանգություն։ Մահմեդական կարող է լինել միայն հոգևոր ժառանգությունը։ Երևանում կան երկու մահմեդական ժառանգության տարրեր՝ հանձինս մզկիթների։ Մեկը հայտնի է, մյուսը Կոնդում է։ Բնականաբար, կարող ենք ելնել ներկա իշխանությունների «խաղաղության մենախոսության» տրամաբանությունից, և ափալ-թափալ վերականգնել Կոնդի մզկիթը։ Իրականում, հավանական լինելով հանդերձ, եթե այն չի արվում ողջ թաղամասի պահպանության համատեքստում, ապա այն դառնում է խաղաղություն մուրալու բաղադրիչներից մեկը, իսկ եթե այն վերականգնվում է թաղամասի պատմականորեն ձևավորված քաղաքային ժառանգության պահպանության հիման վրա վերակենդանացման տրամաբանության շրջանակներում, ապա գովելի է։ Ցավոք, ես լավատեսության որևէ նշույլ չունեմ, որ կա պատշաճ քաղաքական, մասնագիտական ու կառավարչական կարողություն նման նախագիծ իրականացնելու համար։ Դրա կենդանի վկան Ֆիրդուսն է…