Բաքուն բոյկոտում է Արևմուտքի միջնորդական ջանքերը․ ի՞նչ վտանգներով է լի ստեղծված բանակցային վակուումը
Չնայած այն հանգամանքին, որ Բաքուն հայտարարեց, թե հրաժարվել է նոյեմբերի 20-ին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպելու Վաշինգտոնի նախաձեռնությունից, Վաշինգտոնը վերահաստատում է՝ շարունակում է աջակցել խաղաղ բանակցություններին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները լուծելու համար։ Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ը խրախուսում է կողմերին՝ ներգրավվել այդ բանակցություններում, անկախ նրանից՝ դրանք կլինեն Վաշինգտոնո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ, և դա շարունակելու է մնալ ԱՄՆ քաղաքականությունը։
Իսկ նախօրեին Բաքուն հայտարարել էր, որ «Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը»։ Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը հանդես է եկել «անհիմն հայտարարություններով»։
«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- նշվում է հայտարարությունում:
Ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հայտարարել, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Վաշինգտոնում շարունակելու հնարավորություն է տեսնում։ Ջեյմս Օ՛Բրայանն էլ հայտարարել էր, որ առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում։
168․am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ բանակցությունները դեմ են առել «պատին» նաև միջնորդների կողմից վճռականության պակասի և պատասխանատվություն ստանձնելու ցանկության պակասի պատճառով։ Փորձագետի կարծիքով, բանակցային բոլոր հարթակներում համագործակցող կողմը հայկական կողմն է, և ստացվում է, որ նույնիսկ այս փուլում, երբ լուծվել են բանակցային գլխավոր խնդիրները, Բաքուն ունի դժգոհություններ և հրաժարվում է Արևմուտքում հանդիպումներից։
«Ինչպե՞ս է Արևմուտքն արձագանքում այս իրավիճակին, կարծում եմ՝ ոչ այնպես, ինչպես թելադրում է իրավիճակը, իսկ այն կարող է կրկին լարվել ռեգիոնում, եթե չհաջողվի բանակցային գործընթացը նույնիսկ որևէ հարթակում վերականգնել։ Կարծում եմ՝ վճռականության և պատասխանատվության պակաս կա, քանի որ Արևմուտքին չհաջողվեց ռեգիոնում բալանս վերականգնել, ինչպես նաև որոշակի անվտանգության երաշխիքներ տրամադրել, որպեսզի հնարավոր լինի կնքել երկարատև խաղաղություն ապահովող համաձայնագիր։ Սա, կարծում եմ, հասկանում են նաև Արևմուտքում, ուստի նշում են, որ կողմ են հանդիպումների ամենուր, և սկզբունքայինը Վաշինգտոնը կամ Բրյուսելը չեն։ Սրանով կրկին պատասխանատվությունը փորձ է արվում դնել Մոսկվայի վրա, նույնն իր հերթին՝ անում է Մոսկվան, քանի որ Մոսկվային էլ ձեռնտու է, որ իրերի դրությունը մնա այնպես, ինչպես կա։ Սա լի է ռեգիոնի լուրջ ապակայունացման վտանգով, քանի որ ոչ միայն կողմերն ունեն խնդիրներ իրար միջև, այլև միջնորդներից յուրաքանչյուրը պատրաստ չէ ավելիին, որի կարիքը կա ռեգիոնի կայունության համար»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Նա նշեց, որ ԱՄՆ-ում կարծում են, որ առաջիկա շաբաթները որոշիչ են լինելու։
«Ըստ ամենայնի, իսկապես այդպես է, քանի որ պարզ է դառնում, որ հույսերը, որ մինչև տարեվերջ համաձայնագիր կստորագրվի, տեղին չեն, որ կողմերի միջև անընդհատ նորանոր խնդիրներ են ի հայտ գալիս, ու չի հաջողվում իրավիճակը վերահսկել, ինչպես նաև հավելյալ պատասխանատվություն ստանձնել, իսկ առանց դրա Արևմուտքը Հարավային Կովկասում չի կարողանալու հասնել իր նպատակներին՝ Ռուսաստանի ու Իրանի ազդեցության նվազեցմանը»,- ասաց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, նրա խոսքով, ՌԴ-ն իր միջնորդական դերը, արդեն մի քանի տարի է՝ զիջել է Արևմուտքին, հենց այդ պատճառով լուրջ ակտիվություն չի ցուցաբերում բանակցային գործընթացի նկատմամբ, փորձում է ցույց տալ այս ռեգիոնում Արևմուտքի ողջ ներուժը։