Բաժիններ՝

ՈՄԱ-ի հետ ԿԳՄՍՆ-ն չի համագործակցում

ՈՄԱ-ՀՀ պաշտպանության նախարարություն հեռավար «մեղադրանքների» ֆոնին մոտ երկու շաբաթ առաջ «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը» հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, թե «ցանկացած մեղադրանք՝ ուղղված ռազմամարզական ՀԿ-ների հասցեին, հետևանք է պետական կառավարման թերացումների ու բացթողումների»:

Նոյեմբերի 13-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, թե միավորման անդամ ռազմամարզական հասարակական կազմակերպությունների հետ արդյո՞ք նախարարությունը որևէ կերպ համագործակցում է, եթե այո, ապա ինչ ծրագրերի շրջանակում:

Մենք ԿԳՄՍ նախարարությանը հարցրել էինք նաև՝ ՈՄԱ-ի հետ համագործակցության համար պետական բյուջեից ի՞նչ միջոցներ են հատկացվում, եթե, օրինակ, բարձր դասարանների աշակերտները «գործուղվում» են նրանց մոտ կրակել սովորելու: Նման տեղեկություններ խմբագրությունը ստացել էր, և մենք փորձել էինք պարզել դրանց իսկությունը:

Միաժամանակ, փորձել էինք այս դեպքում հասկանալ, թե նախնական զինվորական պատրաստության գործում գերատեսչությունը Պաշտպանության նախարարության հետ ի՞նչ կերպ է համագործակցում, որքա՞ն հաճախ են աշակերտները զորամասեր այցելում կամ կրակային պատրաստության գործնական պարապմունքների մասնակցում:

Կարդացեք նաև

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մոտ մեկ շաբաթ հետո գրություն էր ուղարկել, որտեղ նշված է.

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հասարակական կազմակերպությունների հետ համագործակցում է բացառապես «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի և չափորոշչի շրջանակում։

Տեղեկացնում ենք, որ տվյալ առարկայի ծրագրի և չափորոշչի շրջանակում Ձեր կողմից ներկայացված կազմակերպությունների հետ ԿԳՄՍ նախարարությունը չի համագործակցել։

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ համակարգի զորամասերը, համաձայն ՊՆ նախարարի համապատասխան հրամանի, կցված են հանրակրթական ուսումնական հաստատություններին, որի շրջանակում ուսումնական տարվա կտրվածքով կազմվում է համատեղ միջոցառումների պլան, այդ թվում՝ կրակային պատրաստության»:

Մենք նմանատիպ հարցեր ուղարկել ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու նաև, թե ռազմամարզական հասարակական կազմակերպությունների հետ որևէ հարցի շուրջ պաշտպանական գերատեսչությունը սեղանի շուրջ նստե՞լ է, համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է: Պատասխանը ստանալուն պես, կներկայացնենք այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս