Երևանում հրեական սինագոգի հրկիզման փորձն անհանգստացնող է. Արտաշես Թումանյան

ՀՀ վարչապետի խորհրդական և ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արտաշես Թումանյանի խոսքով՝ Երևանում հրեական սինագոգի հրկիզման փորձն անհանգստացնող է, հատկապես որ առաջին անգամ տեղի չի ունենում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Թումանյանը տեղեկացրեց, որ այժմ իրավապահների կողմից կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով, և եթե ապացուցվի միջադեպի միտումնավոր բնույթը, ապա ՀՀ իշխանությունները միարժեքորեն կդատապարտեն կատարվածը։

«Վստահ եմ, որ հայաստանյան հանրության վերաբերմունքը նույնպես կլինի այդպիսին։ Մեր երկրում չկան կրոնական, ազգային կամ այլ բնույթի այլատյացության դրսևորումներ։ Ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեր հասարակության մեջ գերիշխում է հանդուրժողության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը։ Ավելին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավված են հասարակական կյանքի կենսագործունեության բոլոր ոլորտներում»,- ասաց ՀՀ վարչապետի խորհրդականն ու ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահը։

Թումանյանը հույս հայտնեց, որ իրավապահները ամեն ինչ կանեն՝ բացահայտելու գրանցված միջադեպի հանգամանքները։

Երևանում նոյեմբերի 15-ին հրեական սինագոգի այրման փորձ է կատարվել։

Տեսանյութեր

Լրահոս