Զելենսկին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով 155 մմ տրամաչափի արկերի պակաս է առաջացել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության բռնկումից ի վեր Ուկրաինայում պակասել են հրետանային արկերի մատակարարումները։ Le Monde պարբերականը հայտնում է, որ Զելենսկին նման հայտարարություն է արել նոյեմբերի 16-ին մի խումբ լրագրողների հետ զրույցում։
«Մեր մատակարարումները նվազել են», – ասել է Ուկրաինայի նախագահը՝ հատկապես նկատի ունենալով 155 միլիմետր տրամաչափի արկերը, որոնք լայնորեն օգտագործվում են Ուկրաինայի առաջնագծում։ «Հարցն այն չէ, թե ԱՄՆ-ն ասել է․ «Մենք Ուկրաինային այլևս ոչինչ չենք տալիս»։ Ո՛չ։ Պարզապես բոլորը պայքարում են սեփական (պաշարների) համար։ Կյանքն է այդպիսին։ Չեմ ասում, որ դա դրական բան է, բայց կյանքն է այդպիսին, և մենք պետք է պաշտպանենք այն, ինչ մերն է»։
Ըստ Հարավային Կորեայի՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է ուղարկել 1 միլիոն հրետանային արկեր՝ արբանյակային տեխնոլոգիաների հետ կապված խորհրդատվության դիմաց։ Իր հերթին Գերմանիան օրերս հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարողանա ապահովել մեկ տարում նախատեսված 1 միլիոն արկերի մատակարարումն Ուկրաինային։
«Հիմա պահեստները դատարկ են կամ կա օրենքով սահմանված նվազագույն քանակ, որը տվյալ երկիրը չի կարող տրամադրել», – ասել է Զելենսկին՝ ողջունելով արտադրությունն ավելացնելու՝ ԱՄՆ-ի ջանքերը։
Le Monde-ը հիշեցնում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ո՛չ Մոսկվան, ո՛չ Կիևը տարածքային զգալի ձեռքբերումներ չեն գրանցել, իսկ Ուկրաինայի բարձրաստիճան զինվորականներից մեկը հայտնել է, որ մարտերը մտել են փակուղի։
Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում 2022 թ․ փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողություն» սկսելու մասին։