Հայաստանում դադարեցրել են Ռուսաստանից ուղարկված դասագրքերի բաշխումը. Վորոբյով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ուսումնական նյութերի փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության պատրվակով դադարեցրել է Ռուսաստանի փոխանցած դասագրքերի բաշխումը դպրոցներին։ Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը։
Նրա խոսքով` ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությամբ և հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում հայ պատգամավորների բազմաթիվ դիմումների արդյունքում, Դաշնության խորհրդի ղեկավարության անմիջական աջակցությամբ ռուսական կողմին հաջողվել էր լրացուցիչ բյուջետային միջոցներ հայթայթել ՀՀ–ում ռուսերեն ուսուցմամբ դպրոցների համար ավելի քան 50 հազար դասագիրք ձեռք բերելու և անհատույց փոխանցելու համար։
Նոյեմբերի 11-ին դասագրքերը բերվել են Հայաստան, սկսվել էր դրանց բաշխումը այն դպրոցներին, որտեղ դրանց պահանջարկը շատ կա։
«Մեծ տարակուսանքով տեղեկացա, որ ՀՀ ԿԳՄՍՆ–ն դադարեցրել է այդ գործընթացը։ Հատկապես տարօրինակ է թվում այն փաստը, որ հայ գործընկերները անձամբ են մեզ անհրաժեշտ դասագրքերի կոնկրետ ցանկ ուղարկել։ Շատ ցավալի է, որ նման անհեռատես քաղաքական ինտրիգներից առաջին հերթին տուժում են եղբայրական հայ ժողովրդի հասարակ տղաներն ու աղջիկները», – գրել է Վորոբյովը Telegram–ում։
Նա հավելել է, որ Բիշքեկում ՌԴ պատվիրակությունն այդ հարցը բարձրացրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակի մոտ և հույս հայտնել, որ բոլոր խոչընդոտներն առաջիկայում կվերացվեն։