ԱԱԾ-ն արդեն համաձա՞յն է. «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը կվաճառվեն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին. Որոշումը կայացվել է հանձնաժողովի այսօրվա նիստում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն կվաճառվի կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը։ «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ն նոյեմբերի 3-ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթիդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:

Ի դեպ, 2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը, իսկ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժել էր «ՄՏՍ Հայաստան» ընկերության բաժնետոմսերի փոխանցմանը համաձայնություն տալու դիմումը, քանի որ, ըստ որոշման՝ «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի փոխանցման գործարքին բացասական եզրակացություն է տվել Ազգային անվտանգության ծառայությունը, ու գործարքին համաձայնությունը մերժվել է, քանի որ իրավասու մարմնի գնահատմամբ՝ այդ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերն ու ազգային անվտանգությունը։

Այս մասին հարցադրում-հիշեցում հնչեցրեց նաև «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Կարդացեք նաև

«Որքան ես հիշում եմ, սույն թվականի ապրիլին նույն գործարքի հետ կապված ԱԱԾ-ն մերժել էր. ի՞նչ է այժմ փոխվել, որ այժմ առարկություն չունի»,- մասնավորապես հետաքրքրվեց Կարեն Չիլինգարյանը:

Ի պատասխան՝ նախագծի զեկուցող, հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Հունանյանը պարզաբանեց. «Այս տարվա ընթացքում Ձեր նշած որոշման մասին. ձեռք բերող կողմը, ճիշտ է՝ նույն ընկերությունն է, բայց եթե գործարքը ուշադիր նայեք, տարբերություններ կան:

Ինչ վերաբերում է ԱԱԾ դիրքորոշմանը, ապա լիազոր մարմինը հանձնաժողովը չէ, և ԱԱԾ փոխարեն՝ չենք կարող մեկնաբանել, թե ինչ չափորոշիչներով է այդ գնահատումն իրականացվել»:

Հավելենք՝ գործարքից հետո «ՄՏՍ Հայաստան»-ը չի համարվի ՄՏՍ խմբի անդամ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս