«Մեզ ուղղակի ստիպում են, որ վերցնենք Հայաստանի անձնագիր, որ վերջնականապես խաչ քաշենք մեր Արցախի վրա». արցախցի
Արցախից Հայաստան տեղափոխված հերթական ընտանիքը զրկվել է երեխաներին ավելի վաղ Արցախում տրամադրվող նպաստից: Արցախցի Մարինա Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց տեղեկացրել են, թե գումարները չեն տրամադրվում, քանի որ ինքը Հայաստանում իր անվամբ ավտոմեքենա ունի:
Հասանելիք գումարներից զրկվել է ոչ միայն ինքը: Նրա ծնողները ևս Հայաստան տեղափոխվելուց հետո չեն ստացել իրենց թոշակները:
«Ասում են՝ նոյեմբերից նոր կհաշվեն: Հիմա 15.000-ից ավելի թոշակառու ու նպաստառու կա: Հոկտեմբերի այդ չտրամադրած գումարը, որ հաշվում ենք, պատկերացնո՞ւմ եք, ինչ գումար է ստացվում: 1 մլրդ դրամից ավելի գումար է դառնում: Չգիտեմ՝ ոնց են իրենցով անում այդ գումարը: Ամեն տարվա հունվարին է, չէ՞, հաստատվում բյուջեն: Եթե Արցախում հունվարի 9-ին հաստատում են, նշանակում է, որ այդ գումարն արդեն իսկ նախատեսված է մինչև հաջորդ տարվա հունվարի 9-ը: Այդ դեպքում ո՞նց է ստացվել, որ ՀՀ Կառավարությունը սառեցրել է բյուջեում առկա 4 մլրդ դրամ գումարը: Ինչո՞ւ են սառեցրել, ինչո՞ւ չեն տալիս»,- հարց է բարձրացնում արցախցի մեր հայրենակիցը:
Մարինան միայնակ մայր է: Ամուսինը զոհվել է 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ: Ինքն էլ Հայաստան է տեղափոխվել այս տարվա սեպտեմբերի 19-ից հետո, երբ ողջ Արցախը հայաթափվեց: Աշխատանք է կարողացել գտնել: Հետն այնտեղից էլ գումար է բերել, ասում է՝ հիմա դեռ կարողանում է հոգալ կարիքները: Որոշ ժամանակ անց, սակայն, իրենց պես, նաև բազմաթիվ այլ ընտանիքներ կանգնելու են անհաղթահարելի ֆինանսական խնդիրների առջև: Այս համատեքստում նա հատկապես անընդունելի է համարում աջակցություն տրամադրելու ֆոնին փախստականի փաստաթուղթ կամ ՀՀ քաղաքացու անձնագիր վերցնելու՝ ՀՀ իշխանությունների պահանջները:
«Մեզ ուղղակի ստիպում են, որ վերցնենք Հայաստանի անձնագիր, որ վերջնականապես խաչ քաշենք մեր Արցախի վրա: Էնպես են անում, որ մենք իրավունք էլ չունենանք խոսելու, որ էնտեղ ենք ծնվել, էնտեղ ենք ապրել, այնտեղ տուն ունենք: Հետո էլ ասելու են՝ ձեր ընտրությունն է եղել, դուք եք հրաժարվել, ձեր ոտքով դուրս եք եկել, ձեր ձեռքով ստորագրել ու ընդունել եք ՀՀ քաղաքացիությունը»,- վրդովված ասաց Արցախից բռնի տեղահանված Մարինա Հարությունյանը՝ հավելելով, որ ինքն Արցախում երկու սենյականոց բնակարան է կորցրել: Իսկ նրա ծնողներն այնտեղ են թողել երեք տուն ու ավտոլվացման կետ:
Այսօր Հայաստանում հիմա միայն օրվա հոգսերն են կարողանում հոգալ: Պետությունն էլ, ըստ նրա, առկա պահանջների մի մասն անգամ պատշաճ չի ապահովում: Մարինան նաև ասաց, որ այս պահին էլ ընտանիքներ կան, որ անգամ օգոստոսի գումարները չեն ստացել, քանի որ վճարումները մեկ ամիս ուշացումով էին իրականացվում:
«Դա աջակցություն չէ: Դա այն գումարն է, որը մենք ստանում էինք: Եթե մարդը թոշակ է ստանում, ուրեմն ինչ-որ խնդիր ունի, չէ՞: Եթե կենսաթոշակ է նշանակված իրեն, ուրեմն այդ մարդն ամբողջ կյանքում աշխատել է, որ ծերության տարիքում կարողանա գոնե որևէ գումար ստանալ ու փորձել արժանապատիվ գոյատևել: Ամեն ինչ ջուրն են թափում, ամեն ինչ ուտում են: Ինչի՞ են ասում՝ «կներեք, չկա այդ գումարը»: Ախր կա, մենք գիտենք, որ կա»,- ասաց Մարինա Հարությունյանը՝ հավելելով, որ իր ծնողներին չվճարված գումարը կազմում է 180.000 դրամ, իսկ երեխաների նպաստը՝ 100.000 դրամ:
Նրա խոսքով՝ այս պահին էլ մեծ է այն մարդկանց թիվը, որոնք անգամ հնարավորություն չեն ունեցել մոտենալու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ իրենց խնդիրներով զբաղվելու համար. ֆինանսական միջոցներ չունեն, ապրում են աննկարագրելի բարդ պայմաններում:
«Երեկոյան ժամը 22:00-ից հետո կարող եք գնալ «Կիլիկիա» ավտոկայան, կտեսնեք ավտոբուսներում քնած լիքը տղամարդկանց, որովհետև այդ մարդիկ պարզապես քնելու տեղ չունեն»,- ասաց Մարինա Հարությունյանը՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունները միայն հայտարարում են, թե պատշաճ ընդունել են արցախցիներին՝ դա ծառայեցնելով իրենց նեղ շահերին:
Նազելի Ստեփանյան