
Հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք. սննդամթերքի անվտանգության խախտումներ են արձանագրվել 22 դպրոցներից 5-ում

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Հայաստանի Հանրապետության 22 միջնակարգ դպրոցներում (2-ական դպրոց՝ Երևանում և յուրաքանչյուր մարզում):
ՍԱՏՄ-ն հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ խախտումներ են արձանագրվել 4 մարզի 5 դպրոցում:
«Արմավիրի մարզի «Արմավիրի 10 հիմնական դպրոց»-ում սննդի կառույցը ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց»-ում հայտնաբերվել է ժամկետանց հավի ձու և մածուն,
Շիրակի մարզի «Հոռոմի միջնակարգ դպրոց»-ում հայտնաբերվել է անհայտ ծագման հավի կրծքամիս՝ առանց մակնշման, առանց հայերեն մակնշման «Чистое золото» արևածաղկի ձեթ, ինչպես նաև՝ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված պանրային մթերք «Չանախ»:
Շիրակի մարզի «Ամասիայի միջնակարգ դպրոց»-ում խոհանոցի պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, պատերը գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես՝ բացառելով պատշաճ մաքրելու ու ախտահանելու հնարավորությունը, առաստաղը պատված է եղել բորբոսներով: Հայտնաբերվել է նաև առանց հայերեն մակնշման հնդկաձավար, ոսպ և լոբի։
Տավուշի մարզի «Աչաջրի Հ․ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց»-ում. ճաշարանի 4 աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական բժշկական զննության»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տրվել են խախտումները վերացնելու կագադրագրեր, իսկ ժամկետանց և անհայտ ծագմամբ սնունդամթերքը տեղում ոչնչացվել է: