Դատավոր Սուսաննա Գզոգյանը Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգեց 3 ամսով

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, մեկնարկեցին գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր և ղեկավար, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով նախնական լսումները:

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է Արցախի ամբողջական հանձնումից հետո մեկնարկած բողոքի ու անհնազանդության խաղաղ ակցիաների օրերին՝ սեպտեմբերի 20-ին: Նարեկ Մալյանն անազատության մեջ է հենց այդ օրվանից: Նրա հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ փակ է:

Նարեկ Մալյանը դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից կալանավորվել է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ ՔՊ-ականների նկատմամբ անհանդուրժողականություն հրահրելու և քարոզելու հոդվածով (ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդված՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք  քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»: Սահմանված պատիժը՝ 1-4 տարի)։ Մեղադրանքի փաստական հիմքը սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ինքնաբուխ հավաքի ժամանակ նրա ֆեյսբուքյան «լայվն» է։

Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարել է. «Ինչ արել եմ, լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»։

Կարդացեք նաև

Ավելին, ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ՝ ձերբակալման առաջին օրը, Նարեկ Մալյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Ես, օգտվելով Սահմանադրությամբ ինձ ընձեռված հնարավորությունից, հրաժարվում եմ ցուցմունք տալ այս գործի շրջանակներում և նաև ունեմ փոքրիկ հայտարարություն, որն անպայման կցանկանամ, որ արձանագրվի, նաև թղթային տեքստով արձանագրվի. Քրեական հետապնդումներն իմ նկատմամբ ոչ այլ ինչ են, քան քաղաքական հետապնդում ադրբեջանա-թուրքական գործակալական ցանցի կողմից, ովքեր 2018 թվականին ադրբեջանա-թուրքական հեղափոխություն անելով ՀՀ-ում, զավթեցին իշխանությունը՝ նպատակ ունենալով հանձնել Արցախի Հանրապետությունը, կազմակերպել Արցախի Հանրապետությունում էթնիկ զտումներ՝ հայերի զտումներ, և սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին Արցախը, ինչպես նաև Հայաստանի՝ արդեն որպես փաստ, որոշ հատվածներ, և սա դեռ, արձանագրենք, որ դեռ վերջը չի, և հարցը դեռևս վերջացած չի համարվում: Այսպիսով՝ ես արձանագրում եմ, որ այս քրեական վարույթը նպատակ ունի վախեցնել քաղաքացիներին, ինձ չէ, որովհետև ինձ անհնար է վախեցնել, իմ օրինակով վախեցնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը կբարձրացնեն ադրբեջանա-թուրքական ցանցի դեմ: Այսքանը, շնորհակալություն»:

Դատական նիստին Նարեկ Մալյանը ներկայացել էր իր պաշտպանների՝ Տիգրան Աթանեսյանի և Ռուբեն Մելիքյանի հետ:

Դատավարության կողմերի նույնականացումից հետո դատավորն անցավ բացարկի հարցերին: Կողմերը բացարկի միջնորդություններ չունեին: Չունեին նաև քրեական գործը կարճելու միջնորդություններ:

Դատարանն անցավ Նարեկ Մալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման քննությանը: Հանրային մեղադրողն ասաց՝ կալանավորումն այն գործուն միջոցն է, որ հնարավորություն կտա կանխել մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը: Ռուբեն Մելիքյանն առարկեց հանրային մեղադրող Մնացականյանի փաստարկներին՝ մասնավորապես մատնանշելով, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ իսպառ վերացել է փախուստի ռիսկը, իսկ այլ անձանց վրա ներազդել չի կարող, քանի որ այս վարույթում, բացի Նարեկ Մալյանից, այլ անձ չկա:

Տիգրան Աթանեսյանն էլ ներկայացրեց Նարեկ Մալյանի մեղադրանքի հիմքում դրված տեսանյութի շարժառիթները:

«Մի լրագրողի ընտրել եք ղեկավար, ամբողջ երկիրը հանձնել է, ասել է՝ դավաճան: Բա չասի՞ դավաճան. բոլորն են ասում: Մեր երկիրը զավթված է»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Լսելով կողմերին՝ դատավոր Գզոգյանը որոշեց Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգել 3 ամսով:

Պաշտպան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց հետաձգել նիստը: Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս