Իներցիայով գնում են՝ բարձր աճի տպավորություն ստեղծելու համար
Հաջորդ տարվա համար նախատեսելով 7 տոկոս տնտեսական աճ, կառավարությունը գիտի, որ դրա կատարումը քիչ հավանական է և խիստ ռիսկային։ Գիտի, բայց իներցիայով պլանավորել է, սովորության համաձայն, նաև բարձր աճի տպավորություն ստեղծելու համար։ Գնահատականները, որոնք ստացվել են մոդելավորման արդյունքում, 5,9 տոկոս տնտեսական աճի հավանականություն են ցույց տվել։ Բայց կառավարությունը 7 տոկոս աճ է դրել պետական բյուջեի հիմքում՝ ռիսկի տակ դնելով նաև բյուջեի հարկային եկամուտները։ Եթե նախատեսված տնտեսական աճը չհաջողվի ապահովել, չեն ստացվի նաև բյուջնի ակնկալվող եկամուտները։
Բյուջեի եկամուտների չստացումը ռիսկ է բյուջեով նախատեսված ծախսերը կատարելու համար։
Կառավարությունը սա գիտի, բայց միևնույն է, գնացել է նման քայլի։
Որ դրված 7 տոկոս տնտեսական աճն առավել քան ռիսկային է և ձախողման մեծ վտանգ է պարունակում, կառավարությունում ևս չեն թաքցնում։ Այսօր արդեն ֆինանսների նախարարն է այն կասկածի տակ դնում։ Ասում է՝ կառավարության իրականացրած բարեփոխումների տեմպը բավարար չէ նախատեսված 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու համար։
«Մեր կարծիքով` կառավարությունը պետք է արագացնի ռեֆորմներ անելու իր տեմպերը։ Այն տեմպերը, որով հիմա ռեֆորմներն արվում են, բավարար չեն այդպիսի արագացում վերցնելու համար։ Այն պայմաններում, երբ մենք ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, հետո` 7,2 տոկոս տնտեսական աճ, դարձյալ 7 տոկոսանոց աճ ապահովելու համար մենք պետք է նոր արագացում վերցնենք։
Մենք պետք է ապահովենք ներդրումների աճ և արտահանման շարունակվող բարձր մակարդակ»,- հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարը։
Ներդրումների աճ կլինի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Բայց որ արտահանման բարձր աճի ակնկալիքները հիմնավորված չեն, վերջին շրջանում տեսնում ենք։ Ճիշտ է, արտահանման ծավալներն այս տարի շարունակում են բարձր մնալ, բայց աճի տեմպերն էապես ընկել են։ Շատ բանով էլ եղած աճը պայմանավորված է տարեսկզբի բազային էֆեկտներով, որոնք հաջորդ տարի այլևս չեն լինելու։
Այս պայմաններում արտահանման բարձր աճերի վրա հույս դնելը պակաս արկածախնդրություն չէ։
Հատկապես որ, վերջին մեկ ու կես տարում արձանագրվող արտահանման բարձր աճերը պայմանավորված են բացառապես վերարտահանումներով։ Դրանք կապված չեն ո՛չ կառավարության փայլուն աշխատանքի, և ո՛չ էլ մեր տնտեսության իրական զարգացումների հետ։
Արտահանման արձանագրվող բարձր աճերի, ինչպես նաև ռուսական շուկայում բացված մեծ հնարավորությունների պայմաններում ներքին տնտեսությունից արտահանումը մի բան էլ պակասել է։
«Հայաստանից արտահանումը 2023թ. աճել է 48 տոկոսով, ինչը պայմանավորված է հիմնականում դեպի ՌԴ վերարտահանման ծավալների երեքակի աճով։ Մինչդեռ՝ հայկական արտադրության ապրանքները արտահանման մեջ նվազել են 0,8 տոկոսով»,- խոստովանում է ֆինանսների նախարարը։
Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը դրսում կորցնում է մրցունակությունը։ Ու դա վերաբերում է առաջին հերթին վերամշակող արդյունաբերությանը։ Վերջին շրջանում վերամշակող արդյունաբերության ծավալներն էլ են նվազում, ինչը լուրջ ահազանգ է տնտեսության համար։
Կառավարության խնդիրն է՝ սրանից հետևություններ անել և քայլեր ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի խուսափել ավելի ծանր իրավիճակներից, բայց սայլը տեղից չի շարժվում։
Որ այս օրը գալու էր, պարզ էր դեռ մեկ տարի, երկու տարի առաջ, երբ մի կողմից՝ տնտեսությանը խթանող կամ օժանդակող, արտադրողականությունը բարձրացնող ծրագրեր չէին իրականացվում, մյուս կողմից՝ դրամի կտրուկ ամրապնդման հետևանքով տնտեսությունն արտաքին ու ներքին շուկաներում կորցնում էր մրցունակությունը։ Փոխարենն այս մասին ժամանակին մտածեին և բյուջետային քաղաքականությունը կառուցեին դրան համահունչ, ինքնագոհ կեցվածքով հպարտանում էին իրենց անկախ պատճառներով արձանագրվող տնտեսական բարձր աճերով։
Ավարտին է մոտենում այդ աճերի ժամանակաշրջանը, այն էլ՝ տնտեսության համար ավելի մեծ խնդիրների առկայությամբ, քան ունեինք մինչև այդ։ Չնայած ստեղծված մեծ հնարավորություններին, այդպես էլ կառավարությունը ոչինչ չարեց տնտեսությանն այսօրվա իրողություններին պատրաստելու համար։ Դրա հետևանքներն ավելի տեսանելի կլինեն հաջորդ տարի։
Արձանագրված բարձր աճերից հետո, որքան էլ կարող է տարօրինակ լինել, Հայաստանի տնտեսության հիվանդություններն ավելի են խորացել։ Եվ ոչ միայն տնտեսության, նաև բյուջետային։ Պատճառներից մեկն էլ դա է, որ միջազգային ֆինանսական կազմակերպություններն ու Հայաստանի Կենտրոնական բանկը վստահություն չունեն կառավարության հայտարարած տնտեսական աճի ցուցանիշների նկատմամբ։
ԿԲ գնահատումներով՝ տնտեսական աճը հաջորդ տարի ավելի ցածր կլինի, քան նախատեսել է կառավարությունը։ Կառավարության ակնկալած 7 տոկոսի դիմաց, ԿԲ կանխատեսումը 5,6 տոկոս է։ Դա էլ այն պարագայում, եթե հաջողվի հաղթահարել բյուջեի խրոնիկ դարձած հիվանդություններից մեկը, որը կապված է կապիտալ ծախսերի ահռելի թերակատարումների հետ։
Արդեն սովորական է դարձել, որ կառավարությունն ամեն տարի կապիտալ ծախսեր է պլանավորում, որոնք չի կարողանում կատարել։ Այս տարի էլ այդպես է. ինն ամսվա կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 57 տոկոս։ Այսինքն՝ թերակատարվել է 43 տոկոսով։
Կապիտալ ծախսերի թերակատարման տեմպն այս տարի նույնիսկ խորացել է։
Ոչ մի հույս չկա, որ նույնը չի կրկնվի նաև հաջորդ տարի։ Հատկապես որ, հաջորդ տարվա համար էլ նախատեսել են ավելացնել կապիտալ ծախսերը։
Եղածը չեն կարողանում անել, էլի ավելացնում են ու կրկին թերակատարում։
Մինչդեռ, կապիտալ ծախսերի կատարումը կարևոր դեր ունի՝ ինչպես տվյալ տարվա տնտեսական աճի, այնպես էլ՝ երկարաժամկետ աճի հիմքերի ստեղծման համար։
Ահա այսպես է կառավարությունը ստեղծում այդ հիմքերը։
Կառավարության նախատեսած հաջորդ տարվա տնտեսական աճի հարցում հավատ չունեն նաև միջազգային կազմակերպությունները։ Արժույթի Միջազգային Հիմնադրամն աճի նույնիսկ ավելի ցածր կանխատեսում ունի, քան Կենտրոնական բանկը. հաջորդ տարվա ակնկալիքն ընդամենը 5 տոկոս է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ