
Ամերիկացի բժիշկները կատարել են ամբողջական աչքի` աշխարհում առաջին փոխպատվաստումը

ԱՄՆ-ում բժիշկները աշխարհում առաջին անգամ կատարել են ամբողջական աչքի փոխպատվաստում։ Այս մասին տեղեկագիր է հրապարակվել Նյու Յորքի համալսարանի Լանգոնի անվան բժշկական կենտրոնի (NYULH) կայքում։
«NYULH-ի վիրաբույժների խումբը կատարել է Արկանզասի նահանգից պատերազմի 46-ամյա վետերանի ամբողջական աչքի աշխարհում առաջին փոխպատվաստումը և դեմքի մի մասի փոխպատվաստում», – նշվում է տեղեկագրում։
Ըստ հրապարակման՝ Աարոն Ջեյմսը բարձրավոլտ էլեկտրական հոսանքի պատճառով վնասվածք էր ստացել աշխատանքի ժամանակ:
Վիրահատությունը կատարվել է մայիսի 27-ին ավելի քան 140 վիրաբույժների, բուժքույրերի և բուժաշխատողների մասնակցությամբ։ Այն տևել է մոտ 21 ժամ: Փոխպատվաստված աչքն այդ ընթացքում «առողջության հիանալի նշաններ» է ցույց տվել, սակայն դեռևս հայտնի չէ, թե հիվանդը կկարողանա՞ արդյոք տեսնել դրանով։ Հաղորդվում է, որ տղամարդը կորցրել է նաև ձախ թևի, այտի, կզակի մի մասը, ամբողջ քիթը, շուրթերը և առջևի ատամները:
Տարածված մամուլի տեղեկագրի համաձայն՝ դա միակ հաջող համակցված փոխպատվաստումն է: