Իտալիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ուզբեկստան
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Տաշքենդ։ Այդ մասին հաղորդել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով մեր երկիր է ժամանել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլան՝ դստեր՝ Լաուրա Մատարելլայի ուղեկցությամբ», – հաղորդագրությունից մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ըստ մամուլի ծառայության տեղեկատվության՝ «Տաշքենդի միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել են Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովը և պաշտոնատար այլ անձինք: Դրանից հետո բարձրաստիճան հյուրը մեկնել է իրեն հատկացված կեցավայր»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի օրակարգին համապատասխան՝ Տաշքենդում կկայանան բարձր մակարդակի բանակցություններ, որոնց ընթացքում նախագահները կքննարկեն Ուզբեկստան-Իտալիա հարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա զարգացման և գերակա ուղղություններում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հարցերը։
Հաղորդվել է նաև, որ Մատարելլան կուղևորվի Սամարղանդ և Խիվա քաղաքներ, որտեղ կծանոթանա Ուզբեկստանի պատմամշակութային ժառանգությանը: