Ռուսաստանը 40 տոննա օգնություն է պատրաստել ղարաբաղցի, հուսով եմ՝ ժամանակավոր տեղահանվածների համար. Զախարովա
«ՌԴ Կառավարությունն առաջիկա օրերին 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Երևան»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա փոխանցմամբ՝ ՌԴ-ն աջակցում է Հայաստանին և Ղարաբաղի հայերին հումանիտար ոլորտում, ուստի հաշվի առնելով հայկական կողմի կարիքները` ՌԴ կառավարությունը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկելու Հայաստան։
Զախարովայի խոսքով՝ հաշվի առնելով առաջիկա ձմեռը, հումանիտար բեռը կներառի շարժական էլեկտրակայան, որը կարող է 10 տուն մատակարարել էլեկտրաէներգիայով։
Նա հայտնեց, որ այս մարդասիրական ակցիան լրացնում է ղարաբաղյան տեղահանվածներին աջակցելու ուղղությամբ ռուսական կողմից արդեն իսկ ձեռնարկված քայլերի շարքը:
Նա հիշեցրեց, որ ռուսական մարդասիրական առաքելություն ՀԿ-ն արդեն Հայաստան է ուղարկել 6 տոննա սննդամթերք՝ 500 մթերային հավաքածու, 500 փաթեթ անձնական հիգիենայի միջոցներ, կենցաղային քիմիկատներ։
Բացի այդ, ՌՄԱ-ն Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հետ համատեղ ցուցաբերում է և բարոյական, և հոգեբանական օգնություն։ Իսկ «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամն ավելի քան 20 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։