Արհեստական բանականության գծով փորձագետները քննարկում են Բայդենի կարգադրությունը
Վերջերս նախագահ Ջո Բայդենի գրչին արժանացավ բավականին ընդգրկուն մի կարգադրություն, որը կոչված է կարգավորել ԱՄՆ-ում արհեստական բանականության կիրառումը և խթանել ոլորտի զարգացումը։
«Արհեստական բանականության անվտանգ ու վստահելի մշակման և օգտագործման մասին կարգադրություն է ստորագրվել»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Նախագահ Բայդենի կողմից ստորագրված արհեստական բանակության մասին կարգադրությունը հիմնված է մի քանի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ այս տարվա սկզբին ձեռք բերված համաձայնության վրա, ըստ որի վերջիններս խոստացել են զարգացնել ոլորտին վերաբերող տեխնոլոգիաները՝ անվտանգ ու թափանցիկ եղանակներով:
«Քանի որ արհեստական բանականությունը ընդլայնում է մարդու հնարավորությունները, փորձարկում մարդկային ըմբռնման կարողությունները, այս առանցքային կարգադրությունը այն մասին է, ինչի օգտին հանդես ենք գալիս՝ անվտանգություն, վստահություն, թափանցիկություն»,- նշում է Բայդենը:
Ոլորտը իրավական ճանապարհով կարգավորելու նպատակներից է՝ համոզվել, որ արհեստական բանականության օգուտները հավասարապես բաշխվում են հասարակության բոլոր հատվածների միջև։ Միաժամանակ արձագանք է կատարվում ռիսկերին:
«[Նախագահի] կարգադրությունը վկայում է կառավարության համալիր մոտեցման անհրաժեշտության մասին, որպեսզի սահմաններ գծվեն այս տեխնոլոգիայի նախագծման, զարգացման և կիրառման շուրջ՝ հանուն հանրային շահի»,- ասում է Քամիլ Քարլթոնը՝ Մարդկային տեխնոլոգիաների կենտրոնից:
«Այն մոտեցումը, որ պետք է կառավարության յուրաքանչյուր գործակալությունում ունենանք արհեստական բանականության գծով պատասխանատու, և պետական այդ մարմիններում պետք է գործարկվեն երաշխիքներ՝ նվազեցնելու ռիսկերը, պաշտպանելու սպառողներին, կրճատելու խտրականությունը, կարծում եմ, շատ կարևոր և երկար սպասված հայտարարություն է»,- ասում է Հյուսիսարևելյան համալսարանի Սոցիալական փոփոխությունների Բըրնսի կենտրոնի տնօրեն Բեթ Նովեքը:
Բայց Նովեքը նաև մտահոգություններ ունի.
«Մեղմացնելով ռիսկերը, անհրաժեշտ է հարցեր բարձրացնել՝ որո՞նք են այն ներդրումները, որոնք մենք պետք է անենք, որո՞նք են այն քաղաքականությունները, որոնք մենք պետք է իրականացնենք, ի՞նչ պետք է այլ կերպ անենք, որպեսզի գիտակցենք արհեստական բանականության ընձեռած շոշափելի օգուտները»,- հավելում է նա:
Այդուհանդերձ, Նովեքի գնահատմամբ ԱՄՆ նախագահի կարգադրությունը այդ ուղղությամբ արված դրական առաջին քայլն է:
Այս ամենի ֆոնին՝ Սպիտակ տանը հուսով են, որ ԱՄՆ իշխանությունների ձեռնարկած գործողությունները օրինակ կծառայեն միջազգային հանրությանը, և հարկ է գիտակցել, որ որևէ երկրում զարգացած բանականությունը կարող է ազդել ողջ աշխարհում բնակվող միլիարդավոր մարդկանց կյանքի և բարեկեցության վրա: