Բաժիններ՝

Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարվել․ լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 մլն դրամով

Երևանի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարել է հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել վերջինիս անունը կրող հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի դիմաց), որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլ-հասցեով և այն ներկայացնել մրցույթին:

Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձանժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա: Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը ներկայացրել է մրցութային պայմանները, համաձայն որոնց՝

Արձանը/մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը:

Արձանը պետք է ներդաշնակի տեղադրման վայրին: Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց
դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, լայնությունն ու բարձրությունը:

Արձանն ու արձանի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և վերջինիս գեղագիտությանը:

Մրցութային հանձնաժողովին հարկավոր է ներկայացնել լրացված հայտաձևը և մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ, իսկ ցուցադրությանը ներկայացնելու համար հարկավոր է գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը:

Հաղորդվում է նաև, որ ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով:

Ժամանակացույցին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս