Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ռեզիդենցիաներում կախված քարտեզներից չի երևում, որ նրանք հարգում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Միքայել Մալխասյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Անգամ այն ժամանակներում, երբ մենք մեծ աղետների առաջ ենք եղել, օրինակ՝ Շահ Աբասի բռնագաղթի, ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Արցախն անառիկ է եղել, և ոչ միայն չի հայաթափվել, այլև Արցախի հայ բնակչությունը կազմել է բնակչության մեծամասնությունը։
  • Կարևոր խնդիր է՝ որտեղ է ապրելու Արցախի հայ բնակչությունը, որովհետև եթե ստացվի այնպես, որ Արցախը հնարավոր լինի հետ բերել, ովքե՞ր են այնտեղ ապրելու։

  • Արցախի ժողովուրդը գոյաբանական խնդրի առջև կանգնած լինելով է լքել իր հայրենիքը, և որևէ ինտեգրացիայի հարց հնարավոր չէ քննարկել։
  • Ադրբեջան կոչվող ազգային պրոյեկտի մեջ հայկական տարրն իսպառ բացակայում է։ Երբ մարդիկ խոսում են, թե՝ բայց ԽՍՀՄ ժամանակներում իրար հետ ապրել են, մի բան հաշվի չեն առնում, որ ԽՍՀՄ պրոյեկտը մի բան է, Ադրբեջանը՝ մեկ այլ։ ԽՍՀՄ ժամանակներում Բաքուն ռուսախոս քաղաք էր, կար ԽՍՀՄ գործոնը, իսկ հիմա այն տոտալ թյուրքախոս, 30 տարվա ընթացքում հայատյացությամբ սնված պետություն է։
  • Խոսում են 102 000 կամ 120 000 արցախցու մասին, այնինչ ճիշտ կլինի խոսել 150 000 բռնի տեղահանված արցախցու մասին։ 2021թ.-ը, եթե պատերազմը չլիներ, Արցախը դիմավորելու էր 150 000 բնակչությամբ, որովհետև վերջին տվյալներով՝ մինչ այդ Արցախի բնակչությունը 149 200 մարդ էր կազմում։ Պատերազմի ժամանակ կորսվել է 118 համայնք՝ 182 բնակավայրերով։ Դա՝ մինչև Աղավնոյի, Սուսի ու Բերձորի հանձնումն ու վերջին սեպտեմբերյան պատերազմը։ Պատերազմից հետո Ստեփանակերտը հայերի՝ բնակչության թվով 4-րդ քաղաքն էր՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից հետո։
  • Սա և հայրենազրկում է, և ժողովրդագրական աղետ։ Բացի դրանից, խախտվել է ժողովրդագրական համալիրը։ Մենք մինչև հիմա չգիտենք՝ սեպտեմբերյան աղետի ժամանակ որքան են մեր քաղաքացիական, մարտական կորուստներն ու անհետ կորածները։ Մենք գործ ունենք հայրենազրկման պրոցեսի հետ, որը շարունակվել է 3 տարի։
  • Հիմա մարդիկ են խոսում արտագաղթի մասին, ովքեր երբևէ չեն դիտարկել ՀՀ–ից հեռանալու տարբերակը։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդը տեսնում է, որ իր նման մարդը մի քանի օրում կորցրել է ամեն ինչ, ի՞նչ երաշխիք կա, որ նույնն այստեղ չի կրկնվելու։
  • Ուղիղ մի ամիս Արցախի հայաթափման մեղավորը Ռուսաստանն էր, հիմա էլ սլաքներն ուղղել են դեպի ԱՄՆ-ը։ Բոլոր խաղացողներն իրենց շահերն ունեն, բայց միամտություն ու մանկամտություն է ողջ պատասխանատվությունը դնել խոշոր խաղացողների վրա, որովհետև երբ դու կարմիր գծեր չես դնում, խոշոր խաղացողները պատրաստ են քո հաշվին զիջումներ անել։ Դե թող ՌԴ-ն Սիրիայի հարցում զիջումներ կատարեր։ Չէր անի, որովհետև Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անփոփոխ թողեց իր համար հստակ սահմանած ազգային օրակարգը։ Նույն իրավիճակն է ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում։
  • Վերջին մարդահամարի տվյալներով՝ Սյունիքի բնակչության թիվը 106 000-ից մի փոքր ավելի էր։ Եվ սա ամենամեծ մարզն է։ Վայոց ձորի մարզն ունի 50 000 բնակչություն, Աբովյանի կամ Էջմիածնի չափ։ Իսկ Ջերմուկը գտնվում է Վայոց ձորում։ Տավուշի մարզում նույնպես բնակչության թիվը խիստ քիչ է։ Նախորդ տարի խիստ մեծ էր Սյունիքի մարզից հաշվառումից դուրս եկածների թիվը։ Այսինքն՝ սահմանամերձ մարզերի բնակչությունը կատաստրոֆիկ քիչ է։ Ունենք իրավիճակ, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո մենք դեմոգրաֆիայում պարտվում ենք։ Բայց պետք է նկատի ունենալ, որ ԽՍՀՄ ժամանակներում Ադրբեջանի հայ բնակչության թիվը 3.5 անգամ ավելի մեծ էր, քան ադրբեջանցիների թիվը՝ Խորհրդային Հայաստանում։
  • Հնարավոր չէր պատկերացնել իրավիճակ, երբ մարդկանց՝ սեփական հայրենիքում ապրելու ցանկությունն իշխանությունը կապի իր իշխանությունը պահելու օրակարգի հետ։ Պարզ ասած՝ գործող իշխանությունն արցախցիների՝ Հայաստանում ապրելու մեջ վտանգ է տեսնում։
  • Ճամփորդական անձնագիր ասվածն անհեթեթություն է, որովհետև այն լիարժեք պաշտոնական անձնագիր է՝ արցախյան նշագրմամբ։ 5.5 տարի՞ էր պետք այս իշխանություններին՝ հասկանալու համար, թե արցախցիների անձնագիրն ինչ անձնագիր է։ Իշխանությունների օգտագործած բառամթերքը՝ օրինակ, փախստական, քաղաքացիություն, Արցախի հարցը հումանիտար դաշտ տանելն է, հրաժարվելը «Արցախ» ազգային-քաղաքական պրոյեկտից։
  • «ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է» Էդմոն Մարուքյանի ձևակերպումը նույնն է, ինչ «ամեն ինչ տանք, հանգիստ ապրենք»-ը։ Սրան հակառակ՝ Ադրբեջանն իրենց չեղած համայնքների մասին տարիներով բարձրաձայնում է։ Օրինակ, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» միշտ ներկայացուցիչներ է ունեցել Ադրբեջանի Մեջլիսում, ունեցել են գրասենյակներ, նրանց համար միջազգային դերակատարների հետ հանդիպումներ էին կազմակերպում։

Կարդացեք նաև

  • Հարց պետք է տալ՝ մեր պետությունը միայն արտասահմանյան երգիչների համերգնե՞ր է ֆինանսավորում, թե՞ նաև ազգային պրոյեկտներ պիտի ֆինանսավորի։ Ցանկության դեպքում հնարավո՞ր չէր պահել, օրինակ, Արցախի պետական համալսարանը։ Այսպես իշխանությունների կողմից փակվում է Արցախի էջը։ Սա մեր ողբերգական իրականությունն է։
  • Թուրքական մեսիջը շատ հստակ է։ Իրենք խնդիր ունեն նախ Ադրբեջանի մեջ Նախիջևանն ինտեգրելու, ապա նրա միջոցով մինչև Միջին Ասիա հասնելու հնարավորությունը։ Թուրքիայի համար սա ազգային պրոյեկտ է, իսկ Թուրքիան միշտ ֆինանսավորում է ազգային պրոյեկտները։ Թուրքերը երբեք չեն հրաժարվելու ավելի մեծ Թուրքիա ունենալու հեռանկարից։
  • Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ռեզիդենցիաներում կախված քարտեզներից չի երևում, որ նրանք հարգում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իրենք շատ լուրջ աշխատում են Հայաստանի տարածքը յուրացնելու ուղղությամբ, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի միջոցով։ 
  • Մեր պատմության մեջ ունենք աննախադեպ իրավիճակ, երբ կա հայկական պետականություն, ու այն նստած նայում է, թե ինչպես է ոչնչանում մեկ այլ հայկական պետականություն։ Փաստացի գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այս իշխանությունն ասում է՝ «Եկեք Հայաստանը փրկելու համար մատաղ անենք Արցախը»։ 
  • Ի՞նչ է նշանակում «կռվել մինչև վերջ»։ Նշանակում է՝ կռվել մինչև վերջին մա՞րդը։ Սա լպիրշության ու բարոյականության բացակայության մասին է խոսում։ 
  • Հայաստանի Հանրապետությունում բնակչության մի զգալը մասն ադրբեջանցիների հետ համագոյակցության որևէ փորձ չունի, ծնվել-մեծացել է անկախ Հայաստանում։ Ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցություն հնարավոր չէ, բայց Ադրբեջանը կանգ չի առնելու, փորձելու է ամեն կերպ ադրբեջանցիներին տեղակայել Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս