Վահագն Խաչատուրյանը Էստոնիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկել է արցախցիներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր

Նոյեմբերի 3-ին հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմային: Հայտնում են նախագահի աշխատակազմից:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Ուրախ եմ այսօր հանդիպել Ձեզ և շնորհակալ եմ այն աջակցության համար, որը ցուցաբերում է մեր բարեկամ Էստոնիան: Մենք այս դժվար օրերին այդ աջակցությունը շատ բարձր ենք գնահատում»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մատի Ռայդման շեշտել է, որ իր այցելությունը Հայաստան միտված է ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակական զարգացման մեծ ներուժ ունեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ և Եվրամիության հարթակում առկա սերտ համագործակցության հետագա խթանման հարցեր: Երկուստեք բարձր են գնահատվել երկու երկրների կողմից խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ուղղված ջանքերը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու և նրանց հումանիտար և սոցիալական խնդիրները լուծելուն միտված ծրագրերի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս