Հետխորհրդային տարածքը փորձում է դուրս գալ ռուսական ազդեցության ոլորտից

The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Ռուսաստանի հարեւաններն ու դաշնակիցները, վախեցած ռուս-ուկրաինական արյունահեղ պատերազմով եւ հակառուսական միջազգային սանկցիաներով, ներկայումս ակտիվորեն զբաղված են իրենց միջազգային հարաբերությունների դիվերսիֆիկացմամբ։ Դրա համար էլ նրանք խորացնում են հարաբերությունները Չինաստանի եւ Արեւմուտքի հետ։ Համաձայն հրապարակման, նախկին խորհրդային կայսրության տարածքում Մոսկվայի ազդեցությունը զգալիորեն նվազել է, քանի որ եւ ռուսական տնտեսությունն է զգալիորեն վնասվել, եւ ռազմական հեղինակությունը։ Մոսկվան դեռեւս չի կարողանում հաղթել Ուկրաինական պատերազմում։ Այսպես, Ղազախստանում, ըստ Gallup-ի սոցհարցումների, ՌԴ ղեկավարության որդեգրած գիծը հավանություն չի ստացել հարցվածների 50 տոկոսի կողմից։ Սա այն դեպքում, երբ 2021 թվականին այդ ցուցանիշը 20 տոկոսի սահմանում էր։

Պարբերականը նկատում է, որ ինչպես Կենտրոնական Ասիայի այլ երկրներ, Ղազախստանը միայն որոշակի մակարդակով է ի վիճակի հեռավորություն պահպանել Ռուսաստանից։ Հատկանշական է նաեւ այն, որ Բելառուսից բացի, նախկին խորհրդային եւ ոչ մի երկիր չի ճանաչել ՌԴ կողմից Ուկրաինական չորս երկրամասերի միացումն իր տարածքին։ Բացի այդ, ըստ  The Wall Street Journal-ի, Ռուսաստանից հեռացումը հատկապես նկատելի է Հայաստանի եւ Մոլդովայի պարագայում։ Իր դաշնակցային պարտավորությունների չկատարումը հիասթափեցրել է Հայաստանի ղեկավարությանն ու ժողովրդին, ինչպես հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հիմա Երեւանը փորձում է անվտանգության ոլորտում իր հարաբերությունները դիվերսիֆիկացնել։ Կենտրոնական Ասիայում հեռացումն ավելի աննկատ եւ նուրբ կերպով է իրականացվում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատկապես Տաջիկստանն ու Ղրղզստանը վախեցած են, որ Ռուսաստանը կարող է իրենց համար լուրջ խնդիրներ ստեղծել։

Հրապարակման է պատրաստել hraparak.am-ը։

Տեսանյութեր

Լրահոս