Ինչպես ՀՀ իշխանություններն ընդունեցին նախկին իշխանության եվրոպական «ժառանգությունը»․ վիզային երկխոսություն՝ համաձայնագրի ստորագրումից 6 տարի անց
Այսօր ԱԺ-ում՝ 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին քաղաքական մի շարք ուղղություններով ուշագրավ դիտարկումներով հանդես եկավ։
Նախ նա նշեց, որ Հայաստանը շարունակելու է խորացնել իր հարաբերությունները Եվրոպական միության հետ, ապա ընդգծեց Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերը մինչև այս պահը Հայաստանի սահմանային կայունության և անվտանգության գործում․
«Մենք պայմանականորեն բացահայտում ենք Եվրոպական միության հետ համագործակցության նոր հարթակներ, նոր ուղղություններ, օրինակ՝ քաղաքական և անվտանգային երկխոսությունը»։
Միրզոյանի խոսքով՝ կան համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրով ստանձնած պարտավորություններ և հանձնառություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն և՛ Հայաստանի, և՛ Եվրամիության կողմից: Այս մասով երկխոսություն է մեկնարկել Վիզաների ազատականացման մասով.
«Հայաստանը նույն կերպ կարևորություն է հաղորդում իր հարաբերություններին ԱՄՆ-ի հետ, ավանդական գործընկերների՝ Ռուսաստանի հետ, որի հետ կապված է բազմաոլորտ կապերով»:
ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի գործընթացն էապես անտեսվեց վերջին տարիների ընթացքում՝ հաշվի առնելով, թե Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի դրամատիկ գործընթացներով անցավ ու շարունակում է անցնել։ Նման բնույթի երկխոսությունը ԵՄ-ն Հայաստանի հետ բավականին ուշ է սկսում։ Հատկապես ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի որակմամբ, ժողովրդավարության փարոս Հայաստանի հետ Եվրոպական միությունն այս երկխոսությունը սկսում է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից միայն 6 տարի անց։ Նման գործընթացներում և Արևելյան գործընկերության՝ համաձայնագիր ստորագրած երկրների դեպքում այդ երկխոսությունը նման մեծ ուշացմամբ չի սկսվել՝ 1-2 տարվա կտրվածքով։
Հիշեցնենք, որ համաձայնագիրը, որը, նախկին իշխանություններից որպես բացառիկ ժառանգություն՝ ընդունել ու շարունակում են ՀՀ ներկայիս իշխանությունները, ստորագրվել էր 2017թ. նոյեմբերին, իսկ դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ էր մտել 2018թ. հունիսի 1-ից, 2021 թվականի մարտի 1-ին ուժի մեջ էր մտել լիարժեք։ Այդ համաձայնագրում էր արձանագրված վիզային ազատականացման երկխոսության մեկնարկը՝ որպես կողմերի հիմնական նպատակ։
Թվում էր՝ արևմտամետության դաշտում տեղավորվող և Ռուսաստանի հետ հարաբերությունները նպատակադրված կերպով փչացնող ՀՀ իշխանությունները գոնե Արևմուտքի, այս դեպքում՝ ԵՄ-ի ուղղությամբ պետք է նոր նշաձողեր սահմանեին, ավելի հավակնոտ, քան նախկին իշխանությունները, ոչ միայն պահպանեին նախկին իշխանությունների գծած «քարտեզը», նախատեսվող գործընթացների մեկնարկների ժամկետները, այլև գործընթացները շուտ սկսեին, շուտ ավարտեին և ընդհանրապես դուրս գային ՀՀ նախկին իշխանությունների ՀՀ-ԵՄ հարաբերությունների պատկերացումներից։ Չէ՞ որ այս իշխանությունները քննադատում են նախկին իշխանությունների օրոք բանակցված ամեն բան, սակայն վերջնարդյունքում փչացնում՝ ինչպես ներկան, այնպես էլ՝ նախկինում բանակցվածը։ Այս դեպքում փաստորեն ստացվեց այնպես, որ ՀՀ ներկայիս իշխանություններն ուրախությամբ ընդունեցին նախկինների եվրոպական ուղղությամբ ժառանգությունը, սակայն չկարողացան հասնել նույնիսկ որոշ գործընթացներ ժամանակին իրականացնելուն։ Այս ընթացքում այլ երկրներ հասցնում են ոչ միայն սկսել այս երկխոսությունը, այլև հաջողությամբ ավարտին հասցնել՝ իրականացնելով բոլոր անհրաժեշտ փոփոխությունները, ստանալով ԵՄ անդամ բոլոր երկրների հավանությունը։
168.am-ի հետ զրույցում վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին, մեկնաբանելով գործընթացի ուշացման պատճառները, ասաց, որ դրա պատճառները թե Երևանում են, թե Բրյուսելում։
Նրա խոսքով՝ եթե խոսենք ԵՄ-ի մասին, ապա վիզային երկխոսությունը բարդ գործընթաց է ԵՄ-ի նման կառույցի համար, որտեղ գործընթացները դանդաղ են, ընթացակարգերն ու համաձայնեցումները՝ երկար։
Գոգոլաշվիլին ասաց, որ աշխարհում տիրող իրավիճակը ևս պետք է հաշվի առնել, մասնավորապես՝ ուկրաինական ճգնաժամը, որի մեկնարկից հետո ԵՄ-ն լցվել է ուկրաինացի փախստականներով, մինչ դա սիրիացի փախստականների հարցն էր և միգրացիոն ճգնաժամը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նման հարցերում շարժիչ ուժը սովորաբար ոչ թե ԵՄ-ն է լինում, այլ տվյալ երկիրը, ում հարկավոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում մի փուլում, երբ այդ գործընթացը ԵՄ-ի համար միայն հավելյալ գլխացավանք է ենթադրում ու հավելյալ հոսքեր, որն այս պահին այնքան էլ ողջունելի չէ։ Նույնիսկ տարիներ առաջ Ուկրաինայի, Վրաստանի դեպքում ԵՄ-ում այդ տրամադրությունները կային, որոնք ներկայումս առավել ևս խորացել են։ Ուստի պետք է հասկանալ, որ սա պետք է ոչ թե ԵՄ-ին, այլ մեր երկրներին, Արևելյան գործընկերության երկրներին։ Պետք է նաև հաշվի առնել, որ վիզային երկխոսությունը ևս կարող է տարիներ ձգվել դինամիկ աշխատանքի բացակայության պարագայում։
ԵՄ-ն որոշում կայացնելիս նաև հաշվի է առնում արտաքին քաղաքական վեկտորը, որի հարցն աշխարհաքաղաքական զարգացումների ժամանակակից փուլում սուր է դրվում՝ կա՛մ դու Ռուսաստանի հետ չես և դատապարտում ես Ռուսաստանին, նրա գործողությունները, կա՛մ Ռուսաստանի հետ ես, և վերջ, ուստի ռուսական գործոնը ևս կա, հիմա այն բոլոր հարցերում կա կարծես։ Այնպես որ, երկխոսության մեկնարկը լավ է, բայց դա դեռ երաշխիք չէ, որ դրական արդյունք կլինի և կլինի արագ, քանի որ սա բազմաթիվ փուլեր ու հանգամանքներ ունի։
ՀՀ վերջին տարիների իրավիճակը ևս երևի թե հետաձգեց այս թեման, և ինտենսիվ աշխատանք այս ուղղությամբ չկար կամ հենց ԵՄ-ն էր ձգձգում, այսինքն, կարծում եմ, կան բազմաթիվ պատճառներ»,- ասաց Գոգոլաշվիլին։
Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանի որակմանը, որ ՀՀ-ն ժողովրդավարության փարոս է, և հարցին, թե նման ընկալումն ի՞նչ արտոնություն է տալիս Հայաստանին, վերլուծաբանն ասաց, որ դրանք դիվանագիտական որակումներ, հայտարարություններ են, որոնք չպետք է շփոթել այլ գործընթացների հետ։
«Վիզային, համաձայնագրային գործընթացները կապ ունեն շատ ավելի խորը գործընթացների հետ»,- ասաց նա։