Գազայից վիրավորների առաջին խումբը տարհանվել է Եգիպտոս
Գազայից վիրավորների առաջին խումբը «Ռաֆահ» անցակետով ժամանել է Եգիպտոս Կատարի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սահմանում գտնվող իր աղբյուրին և եգիպտական ԶԼՄ-ներին։
Ըստ Եգիպտոսի, Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ձեռք բերված համաձայնության՝ Գազայի հատվածից թույլ կտրվի դուրս բերել մի շարք օտարերկրացիների և ծանր վիրավորների։
Տարհանվող վիրավորների առաջին խմբին «Ռաֆահ» անցակետ են տեղափոխել շտապօգնության մեքենաներով։ Ավելի վաղ եգիպտական անվտանգության աղբյուրը հայտնել էր, որ օտարերկրյա անձնագիր ունեցող մինչև 500 հոգու թույլ կտրվի անցնել «Ռաֆահ» անցակետով։ Մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին ոչ բոլորը կարող են դուրս գալ Գազայի հատվածից։
Եգիպտոսը Սինայի թերակղզում դաշտային հիվանդանոց է նախապատրաստել։ Ըստ ականատեսների՝ «Ռաֆահ» անցակետի եգիպտական կողմում շտապօգնության մեքենաներ են սպասում։
«Ռաֆահ» անցակետը փակ է եղել հոկտեմբերի 7-ից, երբ սկսվեց պաղեստինաիսրայելական վերջին հակամարտությունը, սակայն Եգիպտոսը թույլ է տվել հումանիտար բեռների անցումը դեպի Գազայի հատված։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո իսրայելական կողմն ունի 1400 զոհ։ Շուրջ 240 մարդ գերի է վերցվել զինյալների կողմից։ Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Պաղեստինյան կողմում զոհերի թիվը շուրջ 8600 է, նրանց թվում կան հազարավոր երեխաներ։